Մոսկվայում կկայանա «Հայորդիք» միջազգային մրցույթ-փառատոնը

23 Ապրիլի 2025, 22:59

Մշակույթ

Ապրիլի 29-30-ը Մոսկվայում կկայանա հայկական ժողովրդական պարերի «Հայորդիք» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ճանաչված և հարգարժան անձինք՝ Վլադիմիր Գաբբեն, Համլետ Ղալեչյանը, Վլադիմիր Մոիսեևը, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը և այլք։

Ժյուրիի նախագահն է Ռուդիկ Բարսեղյանը։

Փառատոնի մասին «Alpha News»-ի տաղավարում զրուցել ենք «Հայորդիք» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանի հետ։

«Ինձ համար չափազանց կարևոր է ժյուրիի կազմը, ովքեր են այն մարդիկ, որ գնահատելու են մասնակից խմբերին»,- զրույցի ընթացքում նշել է գեղարվեստական ղեկավարը։

Մրցույթ-փառատոնին մասնակցում են ոչ միայն հայկական խմբեր, այլև տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ ռուսներ, հույներ, ասորիներ և այլն, որոնք փառատոնին ներկայանում են հայկական պարով։

«Օրինակ՝ ռուսական մի խումբ ներկայացրել է մեր «Բերդ» պարը, և դա շատ տպավորիչ էր։ Իմ հաջորդ նպատակն է հրավիրել վրացիներին, որպեսզի նրանք ևս ներկայացնեն որևէ հայկական պար»,- հավելել է Անահիտ Սարգսյանը։

Այս տարի փառատոնը կտարբերվի նաև նրանով, որ շնորհակալագրեր կհանձնվեն բոլոր այն անձանց, որոնք վերջին 10 տարիների ընթացքում եղել են «Հայորդիք» անսամբլի կողքին՝ աջակցել հայկական մշակույթի կենսունակությանը, զարգացմանը և սերունդների կրթությանը։

«Եկեք խոսենք աշխարհի բոլոր լեզուներով մեր մեսրոպատառ հայերենից հետո, եկեք երգենք աշխարհի ժողովուրդների երգերը՝ մեր կոմիտասյան երգերից հետո, և եկեք պարենք աշխարհի ժողովուրդների պարերը՝ մեր «Քոչարի»-ից ու «Յարխուշտա»-ից հետո»,- եզրափակել է զրույցը Անահիտ Սարգսյանը։