Մոսկվայում կնշեն Հայ գրերի օրը
09 Նոյեմբերի 2024, 20:46
Նոյեմբերի 11-ին Հայ գրերի օրը կնշեն Ռուսաստանի առաջատար լեզվաբանական համալսարանի՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի տարածքում, որտեղ 2000-ականների սկզբից գործում է Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը: Հայ գրերի օրը Մոսկվայում նշվում է 2013 թվականից՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրի:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է բազմաբնույթ մշակութային ծրագիր, վարպետության դասեր, թեմատիկ ցուցահանդես և կլոր սեղան՝ «Հայոց լեզվի, պատմության և գրականության դասավանդման հարցերը և հայագիտական հիմնահարցերը Ռուսաստանի կրթական և գիտական հաստատություններում» թեմայով, որին կմասնակցեն անվանի հայագետներ, Մոսկվայի և Մոսկվայի մարզի, Նիժնի Նովգորոդի, Կրասնոդարի, Պյատիգորսկի և Ռուսաստանի այլ շրջանների հայկական դպրոցների ղեկավարներ և դասախոսներ:
Միջոցառումն անցկացվում է Մոսկվայի կառավարության աջակցությամբ և պետական իշխանության մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հայտնի գրողների և թարգմանիչների, Սփյուռքի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, ուսանողության, մշակութային գործիչների մասնակցությամբ:
Հայ գրերի գյուտը կամ հայերենի այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։