Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

23 Մարտի 2024, 21:30

Մշակույթ

Մոսկվայում առաջին անգամ լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն ԴԻԱԼՈԳ մատենաշարի շրջանակներում։

2024 թ․ մարտի 20-ին ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել հռչակավոր հայ կոմպոզիտարի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուի կազմման և հրատարակման նպատակով համատեղ աշխատանքների վերաբերյալ։

Համաձայն պայմանավորվածության, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմաժանր ժողովածուն կլինի գիտական հրատարակություն և կընդհանրացնի նրա գործիքային, նվագախմբային և վոկալ գործերը։

Տեքստերը պատրաստվելու են տարբեր աղբյուրների (ձեռագրեր, վաղ հրատարակություններ, ինչպես նաև հեղինակային ձայնագրություններ) քննական համադրության մեթոդով և ուղեկցվելու են գիտական ապարատով։

Ստեղծագործությունների ժողովածուն կընդգրկի նաև նախկինում չհրատարակված գործեր, որոնք գտնվում են հեղինակի ձեռագիր հավաքածուում (վաղ դաշնամուրային ստեղծագործություններ, լարային քառյակներ, խոշոր նվագախմբային պարտիտուրաներ), ինչպես նաև գործեր վաղեմի պարբերականներից և նոտային հրատարակություններից, որոնք մինչև այժմ  հեղինակային ժողովածուների մաս չեն կազմել։