Մոսկվայում նշել են Առնո Բաբաջանյանի 105-ամյակը
21 Հունվարի 2026, 21:58
Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը հունվարի 20-ին նշել են լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակը։ Համերգին մասնակցել են տարբեր սերունդների կատարողներ, իսկ հայտնի մեղեդիները հնչել են նորովի՝ փաստելով, որ Բաբաջանյանի երաժշտությունը շարունակում է ապրել և հուզել։
Երեկոյի գլխավոր հյուրը կոմպոզիտորի որդին էր՝ Արա Բաբաջանյանը։ Նրա ներկայությունը երեկոյին հաղորդել է առանձնահատուկ խորհուրդ. բեմից հնչող երաժշտությունը միավորել է կոմպոզիտորի ընտանիքի ու մշակույթի պատմությունը։
«Նա շատ կուրախանար, որ մարդիկ եկել են լսելու իր երաժշտությունը։ Եվ, հուսով եմ, կլինեն շատ երիտասարդներ, գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ կանայք. հավանաբար նա դրան նույնպես ուշադրություն կդարձներ։ Այսօր ելույթ է ունենալու հրաշալի նվագախումբ, հրաշալի մենակատարներ։ Կարծում եմ՝ նրա համար հաճելի կլիներ մեզ հետ այստեղ գտնվել»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է կոմպոզիտորի որդին։
Նա նաև խոսել է իր զգացմունքներից, թե երբ է առաջին անգամ գիտակցել հոր մեծությունը։
«Դա Պյոտր Չայկովսկու անվան դահլիճն էր։ Հայրս նվագում էր նվագախմբի հետ իր «Հերոսական բալլադը»։ Մինչ այդ ես տանը լսում էի, թե ինչպես է նա դաշնամուր նվագում, ստեղծում երաժշտություն, բայց երբ ես նստած էի դահլիճում, և հայրիկս դուրս եկավ բեմ ու հնչեցին առաջին ակորդները, գիտեք, մարմնովս սարսուռ անցավ՝ ինչ-որ տիեզերական զգացողություն էր»,- պատմել է Արա Բաբաջանյանը։
Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է այն միջոցառումները, որոնք այս տարի սպասվում են կոմպոզիտորի արվեստի երկրպագուներին։
«Փետրվարին պլանավորում ենք Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը. ընդհանուր առմամբ 30 հատոր է լինելու։ Կարծում եմ՝ տարին շատ հագեցած կլինի։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ, իսկ փետրվարի 8-ին Մինսկում տեղի կունենա կոմպոզիտորին նվիրված հոբելյանական համերգը»,- հայտնել է Արմեն Սարգսյանցը։