Մոսկվայում քննարկել են Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը
01 Դեկտեմբերի 2024, 10:30
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում տեղի է ունեցել «Ինքնությունն Անդրկովկասում և հայատյացության քաղաքականությունն Ադրբեջանում» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որը կազմակերպվել էր Լազարյան ճեմարանում Տ.Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ:
Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կենտրոնների ներկայացուցիչները հայերի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը որակել են «Հայաստանի պատմության խեղաթյուրում, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում, կեղծ գիտական գրքերով և հոդվածներով միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձեր»։
«Երբ արհեստականորեն ստեղծվեց ադրբեջանական պետությունը, անհրաժեշտություն առաջացավ նոր պատմություն և նոր լեզու հորինել։ Իսկ երբ սկսվում է ինքնության փնտրտուքը, և պանթուրքիզմն ընտրվում է որպես քաղաքական կարգախոս, դա հանգեցնում է արյունահեղության, ինչն էլ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ, որին հաջորդեց Արցախի կորուստը»,- ընդգծել է արևելագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չերյոմինն էլ նշել է, որ թեև Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է հայկական հետքը ոչնչացնելու և խեղաթյուրված նոր պատմություն ներկայացնելու համար, սակայն ճշմարտության ձայնը լռեցնել չի հաջողվում:
«Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է, որը փորձում է իրեն ներկայացնել որպես հնագույն պետություն։ Ապրելով հայկական հողերում՝ նա գողանում և յուրացնում է հայերի հարուստ, բազմադարյա պատմությունը։ Սա ծիծաղելի է, քանի որ հայ ժողովրդի պատմությունը գիտի ողջ աշխարհը, կան անհերքելի վկայություններ, թանգարանային նմուշներ, ձեռագրեր, որոնք վկայում են, որ հայերը հին ժողովուրդ են: «Նույնիսկ եթե մարդիկ լռեն, քարերը կաղաղակեն»», — Սուրբ Գիրքը մեջբերելով՝ ընդգծել է Ալեքսանդր Չերյոմինը:
«Ադրբեջանը փորձում է ամբողջությամբ ոչնչացնել հայկական հետքը, որպեսզի ոչինչ չհիշեցնի հայերի ներկայության մասին։ Իսկ այն, որ նրանք չեն կարող ոչնչացնել, օրինակ, մեր խոշոր վանական համալիրները՝ Գանձասարն ու Դադիվանքը, վերագրվում են ուդիներին», — նշել է հրապարակախոս, հասարակական գործիչ Ալեքսանդր Երկանյանը։
Համաժողովի ավարտին քննարկվել են հետագա համատեղ համագործակցության, ինչպես նաև հասարակության իրազեկմանն ուղղված համաժողովների կազմակերպման համար անհրաժեշտ հարցեր: