Մոսկվայում շարունակվում են թումանյանական օրերը

06 Մարտի 2024, 21:21

Մշակույթ

Մոսկվայի՝ Ներսես Շնորհալու անվան հոգևոր և կրթական կենտրոնում՝ «Հայորդյաց տանը», կրկին նշվել է Հովհաննես Թումանյանի օրը:

Բեմում ազգային տարազներով առաջին դասարանի ռուսախոս սաները ներկայացրել են հայ մեծ գրողի «Բարեկենդանը» հեքաթը։ Հեքիաթի ներկայացումն ուղեկցվել է ժողովրդական երգերով և կատակներով, ինչն առանձնահատուկ երանգ է հաղորդել միջոցառմանը։

«Մեր դասարանը չէր կարող անմասն մնալ թումանյանական օրերի մթնոլորտից։ Բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, որպեսզի դասարանի ռուսախոս աշակերտները ծանոթանան ոչ միայն գրական հայերենին, այլև նրա բարբառներին, ինչի շնորհիվ, ինչպես Թումանյանն ասել է, մեր լեզուն ավելի կենսունակ է դառնում և կենդանի: Իմ՝ դասավանդման բազմամյա փորձը ցույց է տալիս, որ բարբառի ուսումնասիրությունն օգնում է ավելի լավ հասկանալ և ավելի հեշտ սովորել լեզուն»,- նշել է հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանը։

Կենտրոնի հոգևոր դաստիարակ Քերովբե քահանա Բարսեղյանն ընդգծել է, որ մայրենիին նվիրված միամսյակը սկսվում ու ավարտվում է թումանյանական միջոցառումներով: