Մոսկվայում տեղի կունենա Ռիմա Պիպոյանի և կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի բալետի ցուցադրությունը
24 Մարտի 2025, 12:44

Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում մարտի 24-ին և 25-ին տեղի կունենան մեկ գործողությամբ բալետների երեկոներ Context. Diana Vishneva ժամանակակից խորեոգրաֆիայի փառատոնի շրջանակներում: Փառատոնի առաջին պրեմիերան կլինի Հայաստանից Ռիմա Պիպոյանի «Իկոնա» բալետը: Բալետի գաղափարը նրա մոտ առաջացել է Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը դիտելուց հետո։
Ռիմա Պիպոյանը «Խորեոգրաֆիայի զարգացում» կրթամշակութային հիմնադրամի և Rima Pipoyan Dance Company-ի հիմնադիրն է: Նա առաջին պարուսույցներից է, ով Հայաստանը ներկայացրել է արտերկրում՝ Իտալիայում, Իսպանիայում, Սերբիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Բելգիայում, Պորտուգալիայում։
Սերգեյ Ումրոյանը կոմպոզիտոր է, ով աշխատում է էլեկտրաակուստիկ երաժշտության ոլորտում։ Նա Armenian National Music Organization նախագծի համահիմնադիրն ու տնօրենն է, որը զբաղվում է ձայնագրությունների վերականգնմամբ և հայկական ավանդական թվային հավաքածուի ստեղծմամբ։