Մոտ 500 հայ ապրում է Իսրայելի հարավում, որը հիմա հրթիռակոծվում է. Չերնամորյան

12 Հոկտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Մոտ 500 հայ ապրում է Իսրայելի հարավային այն շրջաններում, որոնք հիմա հրթիռակոծվում են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

«Իսրայելում ունենք մոտ 10․000 հայ բնակչություն։ Հիմնական մասը ապրում է երկրի կենտրոնում և հյուսիսում։ Մոտ 500 մարդ ապրում է երկրի հարավային այն շրջաններում, որոնք հիմա հրթիռահարվում են։ Հիմնական խնդիրները հարավում և կենտրոնական շրջաններում են։ Հարավում չեն դադարում հրթիռակոծությունները։ Նման դեպքերում մեր հայ ընտանիքները թաքնվում են ապաստարաններում»,- ասաց Չերնամորյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Իսրայելում մեր հայրենակիցների շրջանում տուժածներ կամ վիրավորներ չկան։

«Բարեբախտաբար, տուժածներ կամ վիրավորներ չունենք։ Մենք ստեղծել ենք աջակցության տեղեկատվական շտաբ և անընդհատ կապի մեջ ենք հարավային և կենտրոնական շրջաններում բնակվող հայերի հետ։ Տղամարդիկ օրվա ընթացքում դուրս են գալիս և անհրաժեշտ գնումներ են կատարում։ Կարող ենք հանգիստ լինել, որ քաղաքում սովի խնդիր չկա»,- նշեց Չերնամորյանը։