Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի․ Գևորգ Դանիելյան

07 Հունվարի 2026, 18:18

Քաղաքականություն

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ-որ մի տեղ կսթափվեն, կհասկանան, նաև ճնշումները ինչ-որ մի տեղ կարող են իրենք գնահատել համարժեք և լինել եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված պարբերաբար հետաձգել է այն համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։ Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը: