Մուժումբար գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցու անվանակոչության տոնը 

06 Հունիսի 2023, 18:00

Հայեր

Երկուշաբթի, 5 յունիսի 2023թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատր­պատա­կանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի գլխաւո­ութեամբ մի խումբ ուխ­տաւորներ մեկնեցին Թաւ­րիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արե­ւելք, նախ­կին հայաբնակ Մուժումբար գիւղը: Հայ ֆեդայիների արեամբ օծուն սոյն գիւղը, հայ ժողովրդի պայքարող ոգու խորհրդանիշերից է, որի Ս. Հռիփսիմէ եկե­ղեցին, իր երկթեք տա­նիքով, մնայուն վկան է անցեալի հերոսապատումների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Եկեղեցու անւանակոչութեան տօնը նշելու համար, դէպի Մուժումբար Սրբազան Հօրն ընկերակցում էին բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոս­եանը եւ բարշ. Սեւան սրկ. Ենովքեանը, ինչպէս նաեւ հաւատացեալների մէկ խումբ, որոնց մէջում էր նաեւ Մուժումբար գիւղի վերջին գիւղապետ՝ Պարսամ Գասպարեանի թոռը եւ Ատրպատականի Թեմական խորհրդի նախկին ատենա­պետներից՝ Էդիկ Գասպարեանը: Առաւօտեան ժամը 11-ին սկիզբ առաւ Գիշե­րային ժամերգութիւնը, որին յաջորդեց Առաւօտեան ժամերգութիւնը, նախա­գա­հութեամբ Սրբազան Հօր:

Նախապէս հայաբնակ Մուժումբար գիւղը հայաթափւել է անցած դարի կէսե­րին: Այժմ թուրքերով բնակւած գիւղի նոր բնակիչները յարգանքով են պահպանում հա­յերից ժառանգ մնացած Ս. Հռիփսիմէ եկեղեցին իրենց գիւղի սրտում: Երկրի Մշակութային ժա­ռան­գութիւնների պետական հիմնարկութիւնը եւ Իրանի հայ­կական եկեղեցի­ների պետական գրասենեակը եւս յատուկ հոգատա­րութիւն են ցու­ցաբերում սոյն հնադարեայ կառոյցի նկատմամբ, որտեղ ամէն տարի սրբոց կու­սա­­նաց տօնի առիթով եկեղեցական արարողութիւն է տեղի ունենում:

Ուխտաւոր հաւատացեալները մի քանի ժամ անցկաց­րին գիւղում, Ռուսդա­մենց այգում, իրենց հետ բերած կերակրատեսակներն ու քաղցրեղէնները միաս­նաբար վայելելով, մի բաժակ սուրճի եւ թէյի հետ: