Մուրադ Կոստանյան. Փոքր դերերի մեծ վարպետը
25 Օգոստոսի 2025, 22:15
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրանում է Մուրադ Կոստանյանի՝ 20-րդ դարի հայ բեմի տաղանդավոր դերասաններից մեկի ծննդյան 123-ամյակը։ Նրա անունը ոչ միայն թատերական պատմության մի մաս է, այլ մշակութային ուղենիշ, որին վերադառնում են, երբ փնտրում են իսկություն, վարպետություն և հոգու խորություն։
Ծնվել է 1902 թ․ Պարսկաստանի Սալմաստ գավառի Հաֆթվա հայաբնակ գյուղում։ Վաղ տարիքից ընտրել է արվեստի ուղին։ Ավարտել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիան, աշխատել է Թիֆլիսի Ադամյանի անվան հայկական թատրոնում, այնուհետև՝ Լենինականի Աճեմյանի անվան թատրոնում, 1930 թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա կարողանում էր հանդիսատեսի հետ խոսել ոչ թե բառերով, այլ դադարներով, հայացքով ։
Կինոյում նկարահանվել է 1932 թ-ից, մասնավորապես՝ «Սևանի ձկնորսները», «Դավիթ Բեկ», «Սիրտն է երգում», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում։
Կոստանյանը ոչ միայն դերասան էր, այլ նաև մանկավարժ։ 1934 թվականից նա դասավանդել է դերասանական վարպետություն՝ փոխանցելով ոչ թե տեխնիկան, այլ բեմի փիլիսոփայությունը։ Ուսանողները նրան հիշում են որպես խիստ, բայց ոգեշնչող մանկավարժի, ով սովորեցնում էր բեմի վրա լինել ոչ թե արտիստ, այլ մարդ։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» և «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների ասպետ Մուրադ Կոստանյանը կյանքից հեռացել է 1989 թ․։