Մուրադ Փափազյանը և Մասիս Աբրահամյանը «անցանկալի անձանց» ցուցակից կհանվեն

22 Հունվարի 2024, 17:59

Քաղաքականություն

Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

2022թ. հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։

Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը: