Մուրադ Փափազյանը պահանջում է թույլ տալ իրեն ներկայանալ դատական նիստերին

22 Նոյեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին՝ պահանջելով վերականգնելու Հայաստան վերադառնալու իր իրավունքը և թույլ տալ ներկայանալ դատական նիստերին։

Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը արգելել է նրա մուտքը երկիր։

«Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել … Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը»,–սոցցանցի իր էջում գրել է նա։

Նրա փաստաբանները խնդրել են թույլ տալ Փափազյանին մասնակցել հաջորդ դատական նիստին, բայց դատավորը մերժել է, փոխարենն առաջարկել հեռակա կարգով մասնակցել:

«Անվտանգության ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում»,–գրել է նա։

Փափազյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե իր պահանջները չկատարվի, նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի ԱԱԾ–ի անհիմն որոշումը: