ՄՔԴ-ն պետք է հետաքննի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հանգամանքները. Եվրապատգամավոր
28 Նոյեմբերի 2023, 12:25
Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությւոնը ստիպված էր լքել իրենց տները, որպեսզի պաշտպանեն իրենց ազատությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, փրկվելով, իրենց հետ վերցնելով փոքրիկ ուղեբեռ: Եվ ես կարծում եմ, որ դա Եվրամիության կողմից գործողությունների բացակայության արդյունք էր: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել Է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
«Եկեք անկեղծ լինենք, եթե ԵՄ-ն սպառնալիքների մեկ տասներորդը, որն արդարացիորեն կիրառել է Ռուսաստանի նկատմամբ, կիրառեր Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը կմտածեր իր գործողությունների մասին։ Նրանք չեն կարող հրաժարվել եվրոպական շուկայից, նրանք մեզ գազ, նավթ են վաճառում, և նրանք չեն կարող մեզ փոխարինել այդ կարողությամբ։ Դա ԵՄ-ի սխալն էր՝ հանձնառության բացակայության, գործողությունների հստակության պատճառով այն պահին, երբ մենք հատկապես այդ պատասխանատվության դրսևորման կարիքն ունեինք՝ Ադրբեջանին ռազմական ագրեսիայի մեջ զսպելու համար», — ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն հնարավորություն ունի չկրկնել այդ սխալը։
«Ես մտավախություն ունեմ, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի հարավի վրա, և սա այն ժամանակն է, երբ ԵՄ-ն պետք է օգտագործի բոլոր լծակները, օգտագործի նախաձեռնությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վերածի «խաղաղության խաչմերուկի», ինչպես ասել է Փաշինյանը Եվրախորհրդարանում։ Պետք է փորձել գտնել լավ համաձայնագիր, որի դեպքում ոչ մի դեպքում Ռուսաստանին չպետք է հնարավորություն տրվի տեղակայել իր խաղաղապահ զորակազմը հարավում, որովհետև նրանք ոչինչ չեն արել, նրանք միայն դիտել են, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ինչ էր կատարվում Հայաստանում մինչ այդ, և ոչինչ չեն արել։ Պուտինյան ռեժիմը փորձում է ամեն գնով տապալել Փաշինյանին, անտեսում է հայ բնակչության շահերը։ Այս իրավիճակում, ճիշտ է, հանցագործություններ են կատարել Ադրբեջանն ու Թուրքիան, բայց Ռուսաստանն էլ կտրել է պաշտպանության ցանկացած ձև և չի կատարել այն պարտավորությունները, որոնք նա իր վրա է դրել հայ հասարակության առջև։
Այս իրավիճակում ԵՄ-ն պետք է կարողանա օգնել Հայաստանին, պաշտպանել ժողովրդավարությունը երկրում, պաշտպանել վտանգված հայ բնակչությանը։ Մենք պետք է դա անենք, բնականաբար, գործը հանձնելով Միջազգային քրեական դատարան՝ հետաքննելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հանգամանքները։ Անհրաժեշտ է նաև պատժամիջոցների ուժեղ փաթեթ պատրաստել և Բաքվին հստակ բացատրել, որ առաջին բանը, որ նրանք կանեն, եթե վտանգի տակ դնեն Հայաստանի ամբողջականությունը, Հայաստանի տարածքը բռնակցելու կամ օկուպացնելու ցանկացած փորձի դեպքում, մենք անհապաղ կընդունենք այդ պատժամիջոցները՝ առանց քննարկումների։ Դա այն լեզուն է, որը նրանք կհասկանան», — ասել է եվրապատգամավորը։
Կաստալդոն ընդգծել է նաև Հայաստանի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը և Հայաստանին թույլ տալ միանալ խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ տեխնիկական և ռազմական աջակցություն ստանալու համար: «Հայաստանը պետք է իմանա, որ մենակ չէ, և մենք մեր արժեքները, սկզբունքները չենք զոհաբերելու հանուն տնտեսական շահերի։ Ժամանակը, երբ բիզնես շահը հաղթում է, ավարտված է և չի վերադառնա», — եզրափակել է նա։