Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով հայ ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի արհավիրքների ցավը․ Գարեգին Բ
25 Հոկտեմբերի 2023, 19:29
Ն․Ս․Օ․ Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Ասադի Մովահեդին։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Ամենայն Հայոց Հայրապետը, մասնավորապես, խոսել է մշակույթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի և համատեղ իրականացրած միջոցառումների մասին`այդ կապակցությամբ կարևորելով մշակույթների և կրոնների միջև երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների միջև համերաշխության և փոխգործակցության ձևավորմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում տեղ գտնող ցավալի զարգացումներին, ի մասնավորի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։ Վեհափառ Հայրապետը խոր մտահոգություն է արտահայտել պատերազմական գործողությունների և դրանց աղետալի, ողբերգական հետևանքների առնչությամբ։ Նորին Սրբությունը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ագրեսիայի հետևանքով հայ ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի արհավիրքների վիշտն ու ցավը։ Հայոց Հայրապետը հայցել է Երկնավորից, որ շուտափույթ դադարեն մարդկային կյանքը վտանգող չարաղետ հակամարտությունները, և խաղաղություն հաստատվի ժողովուրդների կյանքում։
Իր հերթին պրն․ Մոհավեդին Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նոր պաշտոնում երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված իր ծրագրերը։
ԻԻՀ մշակութային կենտրոնի նորանշանակ ղեկավարը անդրադարձ է կատարել տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ առկա մտահոգություններին՝ ժողովուրդների միջև փոխըմբռնման ու բարեկամության զորացման գործում կարևորելով միջկրոնական երկխոսությունը և մասնավորապես հոգևոր առաջնորդների առաքելությունը։