«Մսյո Ազնավուր» ֆիլմն առաջադրվել է «Սեզար» մրցանակի
30 Հունվարի 2025, 22:15

2025 թվականի փետրվարի 28-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի կունենա «Սեզար» 50-րդ մրցանակաբաշխությունը։
Թահիր Ռահիմը «Մսյո Ազնավուր» ֆիլմում լեգենդար Շառլ Ազնավուրին մարմնավորելու համար առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր մրցանակի:
Նշենք, որ «Մսյո Ազնավուր» ֆիլմը մրցանակի է առաջադրվել միանգամից մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն դերասան», «Լավագույն զգեստներ», «Լավագույն արտադրության ձևավորում» և «Լավագույն հատուկ էֆեկտներ»։
Աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմում ներկայացվում է Ազնավուրի կյանքը՝ առաջին քայլերից մինչև համաշխարհային հռչակ։ Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է նա հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալի հետք թողել երաժշտության աշխարհում:
«Մսյո Ազնավուր» ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։ Ֆիլմը թողարկվել է 2024 թ-ին Ֆրանսիայում։