Մտահոգությունները տեղին չեն, լավ արբանյակ ունենք. ԲՏԱ փոխնախարարը՝ հայկական «Armsat-1»-ի մասին
07 Օգոստոսի 2023, 18:21
Հայկական արբանյակի կառավարման կենտրոնը պատրաստ է, ԲՏԱ նախարարությունում սպասում ենք ընդունիչ կայանի կառուցմանը: Alpha News-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ հավելելով, որ ընդունիչ կայանը կառուցման փուլում է: Նա նաեւ անդրադարձել է հայկական արբանյակի հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններին եւ նշել, որ «Armsat-1»-ը տիեզերքի դիտարկման համար չէ, այն ցածր ուղեծրային արբանյակ է, որը նախատեսված է երկրի դիտարկման համար:
«Նախատեսած ծրագրերը գտնվում են սահմանված ժամկետների շրջանակում: Արբանյակը այս պահին տիեզերքում է և աշխատում է, իսկ մինչև տարեվերջ կունենանք տիեզերական գործունեության վերաբերյալ հնգամյա ռազմավարություն»,- Alpha News-ին ասաց Ավետ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 25-ին Հայաստանը անսպասելիորեն հայտարարեց, որ SpaceX-ի տիեզերանավով բաց տիեզերք է արձակվել «Armsat-1» հայկական առաջին արբանյակը: Մամուլում և համացանցում սկսեցին խոսակցությունները, որ արբանյակն իրականում գոյություն չունի կամ Հայաստանն այն, ընդամենը, վարձակալում է իսպանական «Satlantis» ընկերությունից: Առաջին հայկական արբանյակը չոգևորեց նաև գիտական համայնքի շատ ներկայացուցիչների: Եղան կարծիքներ, որ այն ընդամենը ուսանողական է և ունի մեծ լուսանկարչական սարքի գործառույթ: Հետագայում կասկածների համար նոր հիմք դարձավ արբանյակի կառավարման կենտրոնի բացակայության հարցը, որով պետք է ապահովվի արբանյակի հետ հետադարձ կապն ու տվյալների փոխանակումը:
ԲՏԱ նախարարի տեղակալի խոսքով՝ «Armsat-1» հայկական արբանյակը ցածր ուղեծրային արբանյակ է, որը նախատեսված է երկրի դիտարկման համար: Արբանյակի օպտիկական և մնացյալ սարքերը ուղղված են դեպի երկիր, այլ ոչ թե դեպի տիեզերք: Պողոսյանը ընդգծեց՝ արբանյակը տիեզերքի դիտարկման համար չէ, այն գտնվում է մոտ 500 կմ բարձրության վրա:
«Այդ դասակարգի արբանյակները շատ լայն կիրառում են գյուղատնեսության, ճանապարհաշինության, կադաստրային քարտեզագրման և անվտանգային ոլորտներում: Մտահոգությունները տեղին չեն: Բավականին լավ արբանյակ ունենք, բավականին լավ տվյալների ենք տիրապետում և տիրապետելու ենք հետագայում»,- նշեց պաշտոնյան:
Ինչպես հիշեցնում է ԲՏԱ նախարարի տեղակալը, մինչև «Armsat-1»-ը տիեզերք ուղարկելը, դեռ 2019-ին, պետությունը իրավական կարգավորումներ է նախաձեռնել տիեզերական արդյունաբերության և տիեզերագնացության ոլորտում: «Հայաստանի հանրապետության կառավարությունը նախաձեռնեց Տիեզերքի մասին օրենք, որն ամբողջովին նոր էր, հարակից 7 օրենքներում կատարվեցին փոփոխություններ: Օրենքն ուժի մեջ մտավ 2020-ին»,- ասաց Ավետ Պողոսյանը և հավելեց՝ օրենսդրական այս փոփոխություններով հարկային արտոնություն տրվեց տիեզերական արդյունաբերությամբ զբաղվող հայկական կազմակերպություններին:
Երկրի դիտարկման արբանյակների ոլորտը, 2010-ականներից սկսած, արագ տեմպերով զարգանում է: ԲՏԱ նախարարի տեղակալի խոսքով ՝տիեզերական արդյունաբերության ոլորտն ամբողջ աշխարհում է ազատականացել: Վառ օրինակը՝ SpaceX-ն է: Նշում է՝ 2019-ին, երբ Հայաստանը տիեզերական արդյունաբերության ոլորտում կարգավորումներ էր անում, ուղեծրում կար 3500 արբանյակ, այժմ դրանց թիվը հասնում է 9000-ի, որոնց զգալի մասը երկրի հեռակա դիտարկման արբանյակներ են, ինչպես հայկական «Armsat-1»-ը:
«Տարիներ առաջ այդ ոլորտում սկսել է ներդրումներ անել Թուրքիան, Ադրբեջանը մի քանի հաջող փորձ ունի: Օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, չունի այդպիսի արբանյակ»,- ասաց Ավետ Պողոսյանը:
Պաշտոնյան նշեց՝ Հայաստանը պատրաստվում է ընդունել տիեզերական ռազմավարության հնգամյա ծրագիր, ինչը ենթադրում է նոր արբանյակների շարունակական արձակում դեպի տիեզերք: Ավետ Պողոսյանի խոսքով՝ հայկական արբանյակը ունի երաշխավորված շահագործման ժամկետ, որը հինգ տարի է:
«Կան արդեն մի քանի գիտահետազոտական փոքր խմբեր, որոնք գործում են: Այսօր արդեն երկրորդ դիմումը ունենք տիեզերական գործունեության արտոնագիր ստանալու վերաբերյալ: Շուտով այդ գիտահետազոտական խմբերից մեկը՝ «Բազումք»-ը, տիեզերք կարձակի փոքրիկ սարք՝ հետազոտական նպատակներով»:
Պողոսյանի խոսքով՝ 2019-ին ընդունված օրենսդրական նախաձեռնությունը արդարացրել է իրեն, արդեն կան նոր աշխատատեղեր, հուշագրեր «Գեոկոսմոս» պետական ընկերության հետ: Դիտարկմանը, թե 2012-ին մամուլը գրում էր ռուսական «Ռոսկոսմոսի» հետ համատեղ ծրագրի մասին, որով Հայաստանը ձեռք էր բերելու իր առաջին արբանյակը Ռուսաստանից, ԲՏԱ նախարարի տեղակալը պարզաբանեց. «2012-ին խոսքը կապի արբանյակի մասին էր»: Պողոսյանի խոսքով՝ կապի արբանյակները այլ գործառույթներ ունեն և շատ ավելի թանկարժեք են:
« «Armsat»-1-ը արձակվել է բացառապես շուկայական հարաբերությունների վրա հիմնված վերլուծությունների արդյունքում: Այս պահին էլ մենք շուկայի ուսումնասիրության փուլում ենք, մեր բոլոր, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ»,- եզրափակեց ԲՏԱ նախարարի տեղակալը: