Մտքով Ավետարանոցում եմ, սփոփվում եմ, որ Արցախի հողում եմ, ոչ թե՝ օտար…

26 Օգոստոսի 2023, 17:50

Հայեր

Անասնապահությամբ զբաղվող Գարիկ և Լիլիա Հայրապետյաններն օրական երկու անգամ ոտքով Ասկերանից անցնում են 6 կմ ճանապարհ և վերադառնում կաթի լիքը տարաներով։ Հայրապետյանները 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից։ Այնտեղ թողել են ամեն ինչ՝ բազում երազանքներ ու նպատակներ…

Դեռևս նոր էին ընտանիք կազմել, երբ սկսեցին անասնապահությամբ զբաղվել։ 20 տարի շարունակ ավելանում էր անասնագլխաքանակն ու կրկնապատկվում աշխատասեր ամուսինների ուժն ու եռանդը. երեք դուստրերին ոտքի կանգնեցնել և նպատակներն իրականացնել էր պետք։ Սովոր էին հույսը դնել միայն սեփական ուժերի վրա…

Տեղահանված ընտանիքը բնակություն է հաստատել Ասկերանում և այսօր էլ Հայրապետյանները հույսներն իրենց վրա դրած շարունակում են քրտնաջան աշխատել։

«Ես իմ հողը շատ եմ սիրում և ուրիշ տեղ ապրելու ցանկություն չունեմ։ Չեմ կորցնում հավատս, որ մի օր իմ գյուղ կվերադառնամ։ Հոգով ու սրտով, լուռ մտքերով միշտ Ավետարանոցում եմ, աչքիս առաջ է նրա ամեն մի անկյունը, այնտեղ են մեր հարազատների շիրիմները։ Սակայն իմ սիրտն սփոփվում է գեթ նրանով, որ շարունակում եմ Արցախի հողում լինել, այլ ոչ թե օտար տեղ։

Այսօր շատ դժվարությունների առաջ ենք կանգնել, շրջափակումն ազդել է բոլորիս վրա, բայց բոլոր դժվարությունները տանելի են, կարևորը դուրս գանք այս անորոշությունից, ստեղծված ծանր իրավիճակից, ապրենք Արցախի երկնքի տակ»,- artsakhtert-ի հետ զրույցում ասել է Գարիկ Հայրապետյանը՝ վստահեցնելով, որ արցախցին ուժեղ ու դիմացկուն է, անպայման կդիմանա: