Ռուսական արվեստի թանգարանը կներկայանա Արամ Աբրահամյանին նվիրված ցուցադրությամբ

29 Մայիսի 2024, 08:50

Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը մայիսի 29-ին արվեստասերներին կներկայացնի «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» ցուցահանդեսը` նվիրված թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին և Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակին։

Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով կներկայացվի պրոֆեսորի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը։

Թանգարանը ցուցահանդեսը բացում է մայիսի 29-ին, քանի որ Արամ Աբրահամյանը մայիսյան հերոսամարտերին Հայաստանում գործող առանձին կորպուսի լեռնահեծելազորային մարտկոցի շարքերում մարտնչել է Սարիղամիշի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի, Կարսի համար և մասնակցել է Սարդարապատի լեգենդար ճակատամարտին։