Մխիթար Գոշ. հայ մեծ մտածողը

06 Մարտի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մխիթար Գոշը հայ մեծ մտածող է, գրող, օրենսդիր, աստվածաբան և հոգևորական։ Ժամանակին եղել է հասարակական և քաղաքական խոշոր գործիչ, ունեցել է հոգևոր աստիճան։ Մխիթար Գոշն իր ժամանակի ամենանշանակալի գիտնականներից էր, օրենսդիր, փիլիսոփա, մեկնաբան, պատմաբան, առակագիր և մանկավարժ:

Նա այնքան իմաստուն էր, որ նրանից սովորելու համար տարբեր երկրներից գալիս էին հոգևորականներ ու գիտնականներ։

Գոշը մեծ հեղինակություն էր վայելում իր ժամանակի հայ քաղաքական վերնախավի շրջանում, կարևոր դեմք էր հայերի հոգևոր և հասարակական կյանքում: Պատահական չէ, որ Մխիթար Գոշին սովորաբար պատկերում են կշեռքը ձեռքին։ Հայերի հասարակական կյանքում առանձնահատուկ դեր է խաղացել Մխիթար Գոշի կողմից 1184 թվականին գրված «Դատաստանագիրքը», որը դարձել է իրավագիտության լավագույն ձեռքբերումներից մեկը։ Այն բաղկացած է ներածությունից և 251 հոդվածից։

Գոշը հիանալի գրող էր․ գրել է մոտ 190 առակ, որոնց առաջին տպագիր հրատարակությունը լույս է տեսել Վենետիկում 1790 թվականին: Իսկ 1975-ին այդ առակների մոտիվներով հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը «Հայֆիլմ» ստուդիայում նկարահանել է «Աղվեսագիրքը» մուլտֆիլմը, որը հայկական մուլտիպլիկացիայի գլուխգործոցներից է:

Ժամանակին մտածողը բնակություն է հաստատել Գետիկ վանքում, սակայն, ցավոք, ուժեղ երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվել է։ 1188 թվականին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ Գոշը կառուցում է նոր եկեղեցի, որը կոչվել է Նոր Գետիկ և սկսում է դասավանդել այնտեղ: Հայ ականավոր մտածող և գրող Մխիթար Գոշն անձամբ մասնակցել է վանական համալիրի վերականգնման և վերակառուցման հետ կապված բոլոր աշխատանքներին: Հենց նրա պատվին 1213 թվականին վանքը ստացել է Գոշավանք՝ «Գոշի տաճար» անվանումը։ Այստեղ նա անցկացրել է իր կյանքի մնացած մասը։