Մխիթար Սեբաստացի․ Իտալիայում հայկական մշակութային կենտրոնի ստեղծողը

07 Նոյեմբերի 2024, 23:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մխիթար Սեբաստացին հայ լեզվաբան, աստվածաբան և Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։

Ծնվել է 1676 թվականին Սեբաստիայում (Սիվաս)։ Կրթությունը ստացել է Սուրբ Նշան վանքում և արդեն 15 տարեկանում դարձել սարկավագ։ Ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով նա մեկնել է Էջմիածին, որը համարվում էր քաղաքակրթության կենտրոն։ Ճանապարհին հանդիպել է մի եվրոպացի միսիոների և հայ ճանապարհորդի, ում պատմությունները արևմտյան աշխարհի մասին խորապես ապշեցրել էին նրան։ Մոտ մեկուկես տարի Սեբաստացին տեղից տեղ է դեգերել՝ ապրուստը վաստակելով դասավանդելով, ապա վերադարձել է Սիվաս, որտեղ նվիրվել է հայ, սիրիացի և հույն աստվածաբանների ընթերցանությանը: Հետագայում ձեռնադրվել է քահանա և ստացել վարդապետի եկեղեցական աստիճան:

Որպես քարոզիչ Մխիթար Սեբաստացին մեկնել է Կ. Պոլիս, որտեղ նրա շուրջը հավաքվել է աշակերտների խումբ, որը 1701 թվականին դարձել է վանական համայնք:

1712 թվականին Հռոմի պապ Կղեմես 11-րդը Մխիթարին աբբահոր կոչում է շնորհել, սակայն խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Հենց այնտեղ է Մխիթար Սեբաստացին ապրել 30 տարի՝ զբաղվելով գրական աշխատանքով և տպագիր գործով։

Մխիթար Սեբաստացին կյանքից հեռացել է 1749 թվականին: