Մխիթարյանը Սաուդյան Արաբիայի ակումբների տրանսֆերային թիրախում է
Իտալական «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մարսելո Բրոզովիչը հայտնվել են Սաուդյան Արաբիայի առաջնության մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում, vnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Calciomercato-ն, որը չի նշել թե, որ ակումբների մասի նէ խոսքը:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի նախկին ավագի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտնել էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից, անցկացրած 49 խաղում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանն «Ինտերի» կազմում դարձել էր Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հաղթած Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստն է։
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը 2015 թվականից է պաշտպանում «Ինտերի» մարզական պատիվը: 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: