Նա ստեղծագործում էր ու ապրում. Ռուբեն Գևորգյանցի կյանքի ուղին

07 Դեկտեմբերի 2023, 15:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռուբեն Ստեփանի Գևորգյանցը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ էր: Նա Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն էր:

Ռուբենը Ղարաբաղյան պատերազմի մասնակից էր, Հայաստանի Ազգայնական կուսակցության հիմնադիրն ու նախագահը։ Հենց վարպետն էր «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հիմնադիրը։

Գևորգյանցը հայտնի հեռուստահաղորդումների շարք է հեղինակել, որոնցից են՝ «Ճանապարհը», «Ժամանակի վկան», «Մենք և ժամանակը» և այլն:

Ռեժիսորը ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ, արժանացել է 20 միջազգային դիպլոմի և մրցանակի, որոնցից 5-ը՝ Գրան Պրի: Գևորգյանցը առաջադրվել է նաև կինոակադեմիաների «Օսկար» և «Նիկա» մրցանակների:

Հարկ է նշել նաև նրա ուժեղ գենետիկան։ Նրա պապը՝ Աղաբեկ Կևորկովը, ծագումով Ագուլիսից էր: Նա Ռուսաստանի արտադրական արդյունաբերության զարգացման համար ստացել է ազնվականի կոչում։

Ռուբենը Գևորգյանների փառապանծ տոհմի ժառանգն է, ով հսկայական ներդրում է ունեցել հայկական կինեմատոգրաֆի ձևավորման պատմության մեջ:

«Նա մեծ ու լայն էր մտածում, պարզապես ստեղծագործում էր ու ապրում»,- այսպես են Գևորգյանցի մասին խոսում նրան ճանաչողները:

Կինոյի վարպետը կյանքից հեռացել է 2017 թվականի հունիսի 23-ին: