Նադեժդա Սարգսյան․ Հայկական էստրադայի ամենագունեղ ու համարձակ երգչուհին

17 Հոկտեմբերի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է:

Նադեժդա Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 70-ականների սկզբին ավարտել է «Հայֆիլմ» կինոդերասանական ստուդիան, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա և ավարտել Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտը։ 1973-1978 թվականներին եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, իսկ 1978-1987թթ-ին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհին, 1988-1992 թվականներին՝ «Հաեր» անսամբլի ղեկավարը։

Նա եղել է «Էննի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-Ռե-Մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ Նադեժդա Սարգսյանը ղեկավարել է նաև Երևանի մշակույթի պետական քոլեջը։
Երգչուհին 1995-1999 թվականներին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր:

Նադեժդա Սարգսյանը դարձել է նաև «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, ինչպես նաև եղել է Հանրային խորհրդի «Կրոն, սփյուռք և միջազգային ինտեգրացիա» հանձնաժողովի կազմում: Նա շրջագայել է աշխարհի ավելի քան 40 երկրում։ Աշխատել է երաժշտության այնպիսի գուրուների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մելիք Մավիսակալյանը, Արամ Սաթյանը, Ստեփան Շաքարյանը:

Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 2-ին: