Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը՝ «Ցրվենա Զվեզդա»-ում
24 Հունիսի 2025, 21:49
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփել «Ցրվենա Զվեզդա»-ում։
Սերբիայի չեմպիոնն ընկերական հանդիպում է անցկացնում Չեռնոգորիայի «Սուտյեսկա»-ի հետ և հաղթում դեռևս 5:0 հաշվով։ Թիկնիզյանն աչքի է ընկել 23-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը։
Հիշեցնենք, որ Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ն հունիսի 22-ին էր հայտարարել Թիկնիզյանի տեղափոխության մասին։ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից տեղափոխված ֆուտբոլիստը Բելգրադի ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Նաիր Թիկնիզյանը 2021թ․ օգոստոսից էր հանդես գալիս «Լոկոմոտիվ»-ում։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։