Նամակին կից տարել էինք հայերի դեմ Բաքվի կատարած հանցագործությունների մասին գրքեր. Ժանեթ Բաղդասարյան

20 Հունվարի 2025, 20:08

Քաղաքականություն

Հունվարի 17-ին մի խումբ երիտասարդներ Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ են փոխանցել մի նամակ, որի բովանդակության վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի վարչության անդամ Ժանեթ Բաղդասարյանի հետ: ՄԱԿ-ի գրասենյակի առջև երիտասարդները նաև պարզել են Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ և Արցախի դրոշը:

«Նամակում գրված էր Բաքվում ադրբեջանցիների կողմից կատարված ջարդերի մասին և հակիրճ ներկայացված էր այդ ժամանակվա հանցագործությունները, թե ինչպես էին ոչնչացնում հայկական ժառանգությունը, պատմությունը: Նամակին նաև կցված էր մեր կողմից գրված գրքերը՝ 1910-2023թթ. հայերի դեմ արված հանցագործությունները՝ վրացերեն ու անգլերեն: Մեր այդ փոքր քայլով ուզում էինք թե վրաց հասարակությանը, թե միջազգային կազմակերպություններին ցույց տալ, որ նաև Վրաստանում են ուշադրություն դարձնում այն ապօրինի դատավարությանը, որ ընթացավ Բաքվում հունվարի 17-ին»,- ասել է մեր զրուցակիցը:

Բաղդասարյանի խոսքով՝ նրանց այդ քայլը պահանջ էր, որ միջազգային կազմակերպությունները ուշադրություն դարձնեն այդ ապօրինի գործընթացին:

Նա ներկայացրել է նաև իրենց հասարակական կազմակերպության հետագա քայլերը:

«Մեր կազմակերպությունը, սկսած 2020 թվականից , բարձրաձայնում է այն ամենի մասին, ինչ կատարվել է Արցախում ու Հայաստանում, անցկացրել ենք տարբեր ցույցեր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: «Եվրոպացիները հանուն Արցախի» մեծ ցույցը կայացավ 55 երկրներում, որի ժամանակ նաև մեր բողոքի ձայնը բարձրացրինք: Մոտ ապագայում էլ ենք պատրաստվում մեր ուժերի ներածին չափով տարբեր գործողություններ անել՝ մեր միտքն ու ձայնը փոխանցելու նաև այստեղի հայ համայնքին»,- եզրափակել է Ժանեթ Բաղդասարյանը: