«Նապոլի»-ին նոր «Մխիթարյանի» է առաջարկել․ իտալական ԶԼՄ-ները՝ Սպերցյանի մասին

13 Օգոստոսի 2024, 13:30

Սպորտ

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը պատրաստ է ընդունել հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին, բայց միայն այն դեպքում, եթե տրանսֆերային պատուհանի արդյունքներով թիմի կազմում մնան թափուր տեղեր: Հակառակ դեպքում Էդուարդը «Կրասնոդար»-ում կմնա մինչև ձմեռ: Այս մասին գրում է իտալական «Pianeta Napoli» կայքը:

Օրերս «Նապոլի»-ի մարզական տնօրեն Ջովաննի Մաննան հայտարարել էր, որ ակումբը հետաքրքրություն չի ցուցաբերել հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Այնուամենայնիվ, պարբերականը պնդում է, որ Սպերցյանին նեապոլիտանական թիմին առաջարկել է նրա գործակալ Ռաֆայել Պիմենտան:

«Այս խաղացողը կարող է լավ ձեռքբերում լինել, ուստի արժե ավելի ուշադիր նայել: Էդուարդը խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դերում, որը գտնվում է հիմնականում կենտրոնի և ձախ թևի միջև։ Նա գրոհների լավ նախաձեռնող է և կարող է ինքնուրույն միանալ դրանց՝ ստեղծելով թվային առավելություն տուգանային հրապարակի մատույցներում։ «Կրասնոդար»-ում նա հաջողությամբ գրավում է դարպասը տարբեր անկյուններից։ Նրա փոխանցումային կարողությունը նույնպես գերազանց է։ Այս բոլոր հատկանիշների ամբողջականությամբ նրան կարելի է անվանել Հենրիխ Մխիթարյանի արժանի ժառանգորդ», — գրում է պարբերականը։