Նատալի Պորտմանը և Ալեքսիս Օհանյանը «Angel City» ֆուտբոլային ակումբը վաճառել են «Disney»-ի ղեկավարին

18 Հոկտեմբերի 2024, 15:35

Սպորտ

«Angel City» կանանց ֆուտբոլային ակումբը վաճառվել է: Ակումբի սեփականատերերն են հոլիվուդյան աստղ Նատալի Պորտմանը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Ֆրանշիզի ընդհանուր արժեքը սահմանվել է 250 մլն դոլար, վերահսկիչ փաթեթն անցել է նույնքան հայտնի սեփականատերերի՝ «The Walt Disney»-ի նախագահ Բոբ Իգերի և նրա կնոջ՝ Ուիլոու Բեյի ձեռքը:

Ամենահայտնի (և այժմ աշխարհի ամենաթանկ) կանանց ֆուտբոլային ակումբի պատմությունը սկսվել է 2019 թվականին, երբ վենչուրային ներդրող Կարա Նորթմանը և դերասանուհի Նատալի Պորտմանը որոշեցին ստեղծել իրենց սեփական կանանց ֆուտբոլային թիմը: Նրանք նախագծում ներգրավել են ևս մեկ կին ձեռներեցի՝ Ջուլի Ուրմանին, որն էլ իր հերթին բերել է «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Հենց Օհանյանն է դարձել նոր ՖԱ-ի ամենախոշոր բաժնետերը, որը ստացել է «Angel City» անվանումը։

Գործարքի ավարտից հետո Պորտմանը, Ուրմանը և Օհանյանը պահպանել են իրենց տեղերը տնօրենների խորհրդում: