Ադելիա Պետրոսյանի հարցազրույցը՝ Նատաշա Ռոստովայի կերպարի, Ցվետաևայի և Ախմատովայի բանաստեղծությունների և ապագայի մասին

21 Մարտի 2024, 15:20

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն մարզուհի:

«Ռիա Նովոստի»-ի հարցազրույցում Ադելիան պատմել վերջին շրջանում իր հետ տեղի ունեցած իրադարձություններից ստացած տպավորությունների մասին։ Մարզուհու համար մրցաշրջանի գլխավոր արդյունքներից մեկը այն մակարդակն է, որով նա հանդես է եկել, քանի որ մրցութային ծրագիրը չի պարզեցվել:

«Ես ուրախ եմ, որ նշաձողը չեմ իջեցրել կամ հեշտացրել բովանդակությունը: Դե, ամենակարևորն այն է, որ ես այս մրցաշրջանի ոչ մի մեկնարկ բաց չեմ թողել, յուրաքանչյուր մարզիկի համար դա շատ կարևոր է»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնը։

Նա խոսել է նաև այն մասին, թե ինչն է խանգարում ցատկ վարժությունում։

«Անցած մրցաշրջանում իմ հասակն ավելացել է 7 սանտիմետրով: Բայց դա իսկապես չազդեց իմ ցատկերի վրա: Եվ այսպես, ամեն սեզոն ավելանում եմ 2 սմ-ով, բայց դա չի ազդում, իսկ ահա քաշն ազդում է», — նշել է գեղասահորդուհին:

Մարզվելու հետ մեկտեղ Ադելիան հեռակա սովորում է տասնմեկերորդ դասարանում։ Ընդ որում, դպրոց է գնացել մեկ տարի շուտ, քանի որ չի ցանկացել այլևս մնալ մանկապարտեզում։

«Ես հեռակա եմ սովորում, ուսուցիչներս միշտ օգնում են ինձ։ Ես նրանց շատ շնորհակալ եմ, առանց նրանց շատ ավելի դժվար կլիներ։ Ես դասերն անում եմ կամ մարզվելու ժամանակ եղած ընդմիջումներին կամ երեկոյան՝ տանը: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ հասցնում եմ։ Հիմա պատրաստվում եմ քննություններին», — հավելել է գեղասահորդուհին։

Ադելիան արդեն կողմնորոշվել է, սակայն չի բացահայտել, թե ուր է պատրաստվում ընդունվել.

«Թող գաղտնիք լինի»։

Խոսելով սիրելի ստեղծագործության մասին՝ 16-ամյա գեղասահորդուհին հաճելիորեն զարմացրել է:

«Ինձ շատ մոտ է Նատաշա Ռոստովայի կերպարը (Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոսուհին), նրա զգացմունքները։ Ես սիրում եմ Ցվետաևայի և Ախմատովայի բանաստեղծությունները, վերջերս կարդացի Ախմատովայի «Ռեքվիեմը»,որն ինձ շատ հուզեց»,- ասել է նա:

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի 2024 թվականի ուժեղագույնների սպարտակիադայի մրցումների հաղթող, իսկ 2023 թ. դեկտեմբերին հաղթել էր Ռուսաստանի առաջնությունում։