ՆԱՏՕ-ի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի կարգավորումը Հարավային Կովկասում. Մարիա Զախարովա
26 Հուլիսի 2023, 14:34
Մոսկվան վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի կարգավորումը Հարավային Կովկասում և կտանի ապակայունացման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների և Պենտագոնի շփումների հարցին, մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ Դաշինքի խառնվելը տարածաշրջանի գործերին կբերի իրավիճակի ապակայունացմանը և երկար ժամանակով կհետաձգի լիարժեք խաղաղ կարգավորումը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով, «կանադացիների հայտնվելը Հայաստանում հստակորեն հաստատում է, որ ԵՄ-ն, որն ամբողջությամբ կորցրել է իր արտաքին քաղաքական անկախությունը, ծառայում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին»։
«Սրանով է բացատրվում, թե ինչու Հայաստանում ԵՄ առաքելությունը, որը կազմում է մոտ 100 մարդ, մի քանի կանադացի մասնագետի կարիք ուներ։ Եվ մենք, իհարկե, նաև կռահում ենք, թե ինչպիսի մասնագետներ են նրանք։ Մենք լավ գիտենք կանադական խաղաղապահության առանձնահատկությունները։ Հենց այդ կանադացի մասնագետներն են ուկրաինական կործանիչներին պատրաստում 2015 թվականից՝ «Միավորող» գործողության շրջանակներում»,- եզրափակել է Զախարովան։