ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Յենս Ստոլտենբերգ
19 Մարտի 2024, 15:00
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին: Այս մասին Երևանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Նա բարձր գնահատեց Փաշինյանի առաջնորդությունը, որը հստակ արտահայտվում է խաղաղության օգտին և միանշանակ հանձնառու է ժողովրդավարական արժեքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը:
«Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրների կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման ու ձեր ժողովուրդների համար տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունն ու ձեր խաղաղ ձգտումներին»,-ասաց Ստոլտենբերգը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց և դրական գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին:
Ստոլտենբերգի խոսքով՝ մոտ 20 տարի է, ինչ Հայաստանը ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ ու ապահով միջավայր երաշխավորել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար: