ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներխուժում է Հարավային Կովկաս. Անատոլի Մատվիյչուկ

10 Նոյեմբերի 2025, 23:40

Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, թե ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«Իհարկե, Ռուսաստանը դրան չափազանց բացասաբար է վերաբերվում։ Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը ոչ միայն ինչ-որ արտոնությունների կամ սպառազինությունների ստացում է, այլ քաղաքականության փոփոխություն։ Փաստորեն, ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներխուժում է Հարավային Կովկաս։ Փաշինյանը ոչ ադեկվատ քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում, իսկ այժմ Ալիևն, ըստ էության, սպառնալիք է դառնում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազգային շահերի համար»,- ասել է Մատվիյչուկը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ստեղծված իրավիճակի վրա ազդելու լծակներ ունի։

«Այսօր Ռուսաստանը շահեր ունի Հարավային Կովկասում և չի պատրաստվում որևէ կերպ դրանցից հրաժարվել: Կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի ճկուն քաղաքականություն կվարի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Եվ, իհարկե, տնտեսական և ֆինանսական արտոնությունների սահմանափակումներ կկիրառվեն այն երկրների համար, որոնք բացահայտ քարոզում են ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և մերձենում դաշինքի հետ»,- ընդգծել է Մատվիյչուկը:

Փորձագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանին անտարբեր չեն թողնի, իսկ Մոսկվայի նկատմամբ մշտական սադրանքները կարող են գլոբալ հակամարտություն առաջացնել։

«Եվրոպայում, Հարավային Կովկասում և ընդհանրապես աշխարհում ՆԱՏՕ-ի ողջ քաղաքականությունն, ինչպես գիտեք, առճակատում է, որը տանում է կամ միջուկային աղետի, կամ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նրանք արդեն անցել են բոլոր հնարավոր սահմանները։ Եթե նայեք քարտեզին, այսպես կոչված «անակոնդայի օղակն» արդեն շրջապատել է և փորձում է սեղմել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանն, իհարկե, չի հաշտվի դրա հետ։

Մենք պաշտպանելու ենք Կալինինգրադի շրջանը, պաշտպանելու ենք մեր շահերը Հարավային Կովկասում, պաշտպանելու ենք շահերը Ուկրաինայում։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ առճակատումը և ճգնաժամային իրավիճակները կարող են հանգեցնել հենց նման ելքի՝ միջուկային կոլապսի կամ Երրորդ համաշխարհային պատերազմի»,- եզրափակել է Մատվիյչուկը:

Հիմա եթերում