ՆԱՏՕ-ն կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի. Մայքլ Վասյուրա
18 Մարտի 2024, 22:38
Ամերիկացի լրագրող Մայքլ Վասյուրան Alpha News-ին մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կատարած այցը։
Փորձագետի կարծիքով՝ Մոսկվայի համար այնքան էլ կարեւոր չէ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կովկաս, քանի որ ՆԱՏՕ-ն կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի:
«Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ Մոսկվան պարզապես կարող է անտեսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։ Կրեմլը վաղուց է հասկացել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ։ Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի, հնարավոր է, ինչ-որ հայտարարություն լինի Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից այն մասին, որ սարսափելի է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն եկել է մեր ազդեցության գոտի, բայց դրանք պարզապես խոսքեր կլինեն և ուրիշ ոչինչ։
Մոսկվայի համար այնքան էլ կարևոր չէ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկավ Կովկաս, քանի որ ՆԱՏՕ-ն կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի։ Ստոլտենբերգը կարող է խոսել էներգիայի մատակարարման մասին Ուկրաինայում պատերազմի ֆոնին, հասկանալի է, որ Եվրոպայում գրեթե ոչ ոք Ռուսաստանից էներգիա և ռեսուրսներ չի գնում պատժամիջոցների պատճառով։ Իսկ Ադրբեջանը դարձել է Եվրոպայի համար գազի շատ կարևոր մատակարար, ուստի նրանց համար կարևոր է ամրապնդել այդ հարաբերությունները ադրբեջանական գազից Եվրոպայի կախվածության ֆոնին։
Ստոլտենբերգը հաստատ չի ասում և չի անում որևէ բան, որը դեմ է Բաքվի շահերին։ ՆԱՏՕ-ն Կովկասում իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի, Արևմտյան երկրներից ոչ ոք այնտեղ զորք չի ուղարկում նույնիսկ որպես խաղաղապահներ, Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում, որ, կոպիտ ասած, երկրորդ Աֆղանստան լինի։ Ես հասկանում եմ, որ քաղաքական իրավիճակը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում շատ ավելի կայուն է, քան այն, ինչ կար Աֆղանստանում, բայց, այնուամենայնիվ, եվրոպացի զինվորներին Եվրոպայի նոր տարածաշրջան ուղարկելը ոչ մեկին հետաքրքիր չէ», — ասել է Վասյուրան։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Ստոլտենբերգի այցը Կովկաս սկսվել Բաքվից, փորձագետը ենթադրել է, որ միգուցե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկացել է նախ լսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ հետո արդեն բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ելնելով այն տեղեկատվությունից, որը կա Ադրբեջանի կողմից։
«Բայց սկզբունքորեն այցելությունների հերթականությունը ոչ մի կերպ չի ազդում իրավիճակի վրա, քանի որ ՆԱՏՕ-ն չի կարող որևէ կերպ չի կարող ազդել Կովկասում իրավիճակի վրա։ Ստոլտենբերգը ճանապարհորդում է որպես Եվրոպայի ներկայացուցիչ, որպես Հյուսիսային դաշինքի ներկայացուցիչ, սակայն ոչ Եվրոպան, ոչ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն միջամտել հակամարտությանը»,- նշել է Վասյուրան։
Ինչ վերաբերում է հակամարտության նոր սրման հավանականությանը, ապա, ըստ փորձագետի, այն միշտ կա, քանի որ Հայաստանը չգիտի ինչպես պաշտպանել իր տարածքները Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում։
«Արցախի դեպքում իրավիճակն այնքան էլ հասկանալի չէր աշխարհի համար, որովհետև Արցախի տարածքը պաշտոնապես Ադրբեջանի տարածք էր, դրա համար էլ աշխարհում հասկանում էին, թե ինչու է Ադրբեջանը գնացել այդ քայլին, չնայած բոլորը նկատել են այն դաժանությունը, սարսափը, որ ադրբեջանցի զինվորները կատարել են իրենց գործողություններում, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը հնարավորություն ուներ փաստարկելու, որ պաշտոնապես սա մեր տարածքն է, ուստի մենք իրավունք ունենք դա անելու:
Ադրբեջանի հետագա ագրեսիան բոլորովին այլ կլինի, Ադրբեջանը տեսականորեն կարող է հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Եվրոպան Ադրբեջանին պատժելու լծակ չունի, քանի որ Եվրոպան կախված է Բաքվից եկող գազից։ Ես որևէ նախանշան չեմ տեսնում, որ մոտ ապագայում պատերազմ կսկսվի, բայց եթե Բաքուն ցանկանում է դա, ապա նրանք ունակ են ավելի հեռուն գնալու»,- եզրափակել է Վասյուրան։