ՆԱՏՕ-ն ցանկանում է Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ. Զախարովա

20 Մարտի 2024, 14:46

Քաղաքականություն

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առավելագույն խնդիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետություններին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու ևս մեկ փորձ է։

Զախարովան նշել է, որ նման փորձեր համակարգված և վաղուց իրականացվում են ՆԱՏՕ-ի և առանձին անդամ երկրների կողմից։ Իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի այցը հաստատում է այն փաստը, որ այդ ուղղությամբ ակտիվությունն աճել է մի քանի անգամ։

«ՆԱՏՕ-ն առավելագույն խնդիր ունի, այն է՝ երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում մեր երկրի դեմ և, ընդհանրապես, կրկին կրակի մատնել տարածաշրջանը։ Բանն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է ձեռնտու լինել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով։

Բացի այդ, ըստ Զախարովայի, Արևմուտքին չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։

Նա հավելել է, որ Արևմուտքի ջանքերն ուղղված են վարկաբեկելու Երևանի և Մոսկվայի հարաբերությունները և ամբողջությամբ դադարեցնելու շփումները։

Հիմա եթերում