Նավթն ու գազը չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ. Գեղամ Ստեփանյան
23 Հուլիսի 2023, 14:57
Որևէ կասկած չկա, որ աշխարհը երկակի ստանդարտներով է ապրում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հարցազրույցին ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մեր օրինակը ամենավառն է, որը ցույց է տալիս, որ նույն հավաքական Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ: Մենք, իհարկե, տարբերություն տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և հիմա այդ հայտարարությունների հասցեականության միջև` այն առումով, որ հիմա, գոնե, այդ հայտարարությունները հնչում են հասցեական:
Իսկ վերջին օրերին` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո, բավականին ակտիվ արձագանքներ տարբեր տեղերից ստանում ենք այդ առիթով, բայց նորից եմ ուզում նշել, որ պետք է կոտրել այդ երկակի ստանդարտների մոտեցումը: Ադրբեջանական նավթն ու գազը չեն կարող և չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ»,-նշել Գ. Ստեփանյանը:
ԱՀ ՄԻՊ-ը ընդգծել է, որ իրենց զեկույցներում նշված են ստույգ թվեր, վիճակագական տվյալներ, և ցանկացած իրավունքի բաժնում, երբ ներկայացվում են վիճակագրական տվյալներ, նույն տեղում նաև մարդկային պատմություններ են:
«Մարդկային պատմություններում ավելի պատկերավոր կերպով ներկայացված է, թե մարդն առօրյայում ինչպիսի ապրումներ է ունենում, ինչպիսի զգացողություններ, ինչպիսի տառապանքներ: Այդ մարդկային պատմությունները պարբերաբար թարմացվում են, և մենք այս օրերին աշխատում ենք մեր նոր զեկույցի հրապարակման ուղղությամբ, որտեղ նոր պատմություններ կլինեն: Առհասարակ, տպավորելը, էմոցիաների տարափը, երբ դա դառնում քեզ համար ամենօրյա աշխատանք, ինչ-որ առումով նաև բթացնում է, բայց հենց դա էլ մեր առաքելությունը, որ կարողանանք պահպանել մարդկային այդ ապրումակցման կարողությունը, և ցանկացած պարագայում ոչ միայն արձանագրենք, այլ նաև ձեռնարկենք ՄԻՊ հաստատության լիազորությունների մեջ մտնող բոլոր գործողությունները տվյալ քաղաքացիներին աջակցելու համար:
Պատմությունները շատ են, ամենօրյա ռեժիմով մեզ են դիմում հարյուրավոր արցախցիներ, յուրաքանչյուրն` իր խնդիրներով: Եվ հատկապես այս ճգնաժամային, աղետալի իրավիճակում առավել մեծ ուշադրություն է դարձվում բազմազավակ ընտանիքներում, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հացի խնդիրը հոգալուն: Յուրաքանչյուր պատմություն իր ողբերգությունն ունի, որը ոչ միայն պետք է ուղղակի արձանագրել` աշխարհին ներկայացնելու համար, այլև` ձեռնարկել գործողություններ տվյալ ընտանիքներին աջակցելու համար: Ընդ որում` ներկայացվող խնդիրների առաջին հասցեատերերը պետական գերատեսչություններն են, բայց մեր գրասենյակում այդ փիլիսոփայությամբ չենք առաջնորդվում: Եթե կարող ենք տեղում մեր ունեցածով աջակցել, չենք հապաղում»,- ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը: