Ասկերանի շրջանի Նորագյուղում աճել է ջերմոցների քանակը

03 Օգոստոսի 2023, 21:10

Հայեր

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչներն ամեն ինչ անում են, որ դիմակայեն առաջացած խնդիրներին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանն ասել է, որ վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ կարողացել են ավարտին հասցնել գարու և ցորենի հունձը:

«Այս տարի բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ չեն, բերքի որակն էլ, իր հերթին, բարձր չէ եղանակային պայմաններից ելնելով: Սակայն, պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ համայնքում երկու անգամ աճել է ջերմոցների քանակը, կատարվել է մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս: Ուրախալի փաստ է, որ բերքը չի տուժել կարկտահարությունից և բավարարում է բնակիչների պահանջները, ավելին վաճառքի են հանում»,- մանրամասնել է Պետրոսյանը:

Համայնքապետի խոսքով այս օրերին, շրջվարչակազմի աջակցությամբ, համայնքում փորձում են լուծել հացի սղության խնդիրը: Ծրագրում են ունեցած ցորենից ալյուր ստանալ, ու յուրաքանչյուր ընտանիք իր տանը հաց կթխի: Համայնքում փորձում են բավարարվել եղած մսի պաշարներով: Վառելիք չունենալու պատճառով խոտի դեզերը արոտավայրերից գյուղ հասցնելու հետ կապված ևս խնդիրներ կան:

«Բուժկետն ու դեղատունը եղած պաշարներով դեռևս շարունակում են օգնել համագյուղացիներին: Մանկապարտեզն էլ ունեցած միջոցներով շարունակում է գործունեությունը: Բնակիչները չեն ուզում կորցնել հույսը, որ Բերձորի միջանցքը կբացվի, կունենանք ազատ տեղաշարժի հնարավորություն և կլուծվի պարենամթերքի խնդիրը»,- լավատեսությամբ ասել է Նորագյուղի համայնքապետը:

Հիմա եթերում