Նազիկ Ավդալյան․ Ֆանտաստիկ կամային հատկանիշներ ունեցող ծանրորդուհին
31 Հոկտեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ (Նազելի) Ավդալյանի ծննդյան օրն է:
Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի):
Նա իր մարզական կարիերան սկսել է 1994 թվականին՝ ի սկզբանե զբաղվելով ակրոբատիկայով։ 2004 թվականից Նազելին սկսել է զբաղվել ծանրամարտով։ 2006 թվականին առաջին անգամ դարձել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն և ընդգրկվել երկրի ազգային հավաքականի կազմում: 2007 թվականին դարձել Է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ստրասբուրգում, իսկ 2008 թվականին՝ Լինյանոյում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։
Մեկ տարի անց Ավդալյանը դարձել է Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ հետո Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնության հաղթող:
Ծանրամարտի աշխարհի առաջնության այս ոսկե մեդալն առաջինն էր Հայաստանի համար երկրի անկախության 18 տարիների ընթացքում: Նազիկ Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան նրան ճանաչել է Հայաստանի 2009 թվականի լավագույն մարզուհի:
2011 թվականին ավտովթարից հետո Ավդալյանը վիրահատվել է, բժիշկները խորհուրդ են տվել հեռանալ սպորտից։ Բայց 4 տարի անց նա վերսկսել է մարզումները և հայտարարել աստիճանաբար մարզավիճակ ձեռք բերելու և Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու պլանների մասին։ 2016 թվականի ապրիլին Ֆերդայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ կրկնելով իր ութամյա հաջողությունը: