Անհուն աչքեր՝ հայկական թախիծով. Նելլի Ուվարովայի հմայքի գաղտնիքը

14 Մարտի 2025, 22:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 14-ին ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Նելլի Ուվարովայի ծննդյան օրն է։

Ուվարովան ծնվել է 1980 թվականի մարտի 14-ին Լիտվայի Մաժեկյայ քաղաքում, մշակութային հարուստ ժառանգություն ունեցող ընտանիքում։

Նելլին ունի հայկական և ռուսական արմատներ: Հայրը՝ Վլադիմիր Գեորգիևիչ Ուվարովը, աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ, իսկ մայրը՝ Գալինա Գրիգորիևնա Ուվարովան (Գոհար Խալաթովա), տնտեսագետ և մարզիկ էր, ինչպես նաև դասավանդում էր գեղարվեստական մարմնամարզություն։ Ավագ քույրը՝ Ելենան, իր կյանքը նվիրել է արվեստին՝ դառնալով տաղանդավոր դիզայներ։

Երբ Նելլին ընդամենը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ ապրել են մոր հարազատների մոտ։ Երբ տարածաշրջանում սկսվում է քաղաքացիական պատերազմ, 1994 թվականին ընտանիքը ապաստան է գտնում Մոսկվայում։ Առանց բնակարանի, աշխատանքի և ապրուստի միջոցների, նրանք ստիպված էին հաղթահարել հսկայական դժվարություններ։ 1997 թվականին Նելլին ընդունվել է Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դերասանական ֆակուլտետը՝ հայտնի դերասան Գեորգի Տարատորկինի արվեստանոց։

Համալսարանն ավարտելուց հետո նա սկսել է իր կարիերան թատրոնում և կինոյում: 2001 թվականից Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի առաջատար դերասանուհի է, որտեղ խաղում է բազմապլանային դերեր։
2004 թվականին Նելլին «Ծիածան» միջազգային փառատոնում ստացել է մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար, իսկ ավելի ուշ առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակի։

Նելլին հայտնի է դարձել 2005 թվականին՝ «Մի՛ ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու՝ Կատյա Պուշկարյովայի դերակատարման շնորհիվ։

2006-ին Նելլին նկարահանվել է «Ես մնում եմ» լիամետրաժ ֆիլմում, իսկ 2007թվականին նա հրավեր է ստանում՝ խաղալու 40-սերիանոց «Ատլանդիտա» սերիալում։ Այս հեռուստասերիալը նույնպես մեծ հաջողություն է ունենում։

2011 թվականին դերասանուհին ցուցադրել է նաև իր առաջնորդական որակները՝ դառնալով «Միամի՞տ. Շատ» նախագծի անդամ, որի նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց։

2016 թվականին Նելլին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուին, որտեղ Եվգենի Ռաևի հետ արժանացել են պատվավոր երկրորդ տեղին, ինչպես նաև հանդիսատեսի մրցանակին։

Դերասանուհին մեծացել է Վրաստանում, որտեղ ապրում էին մոր ծնողները` Գրիգոր և Աղունիկ Խալաթովները։ Նա բազմաթիվ հիշողություններ ունի, որոնցից մեկը հատկապես հուզել է նրան։ Նա հարցազրույցներից մեկում պատմել է՝ 8 տարեկան էր, երբ տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել որդեգրել որբացած հայ երեխաներից մեկին։ Ինքը՝ Նելլին, անհամբեր սպասում էր, որ իր ընտանիքում շատ հարազատ մեկը կհայտնվի, բայց Հայաստանի կառավարությունը որոշել էր՝ բոլոր ծնողազուրկ երեխաները կմնան Հայաստանում, որ նրանք չցրվեն տարբեր երկրներ:

Դերասանուհին անհավանական գեղեցիկ աչքեր ունի։ Մի անգամ ինստիտուտում Ուվարովայի դասախոսներից մեկն ասել է․

«Հայ ժողովրդի ամբողջ տխրությունը Նելլիի աչքերի մեջ է»։