Նելսոն Ստեփանյան. ԽՍՀՄ հերոսն ու խորհրդային ավիացիայի լեգենդը
28 Մարտի 2025, 22:10

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 28-ը Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1913 թվականին Շուշիում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ, մասնակցել է մրցույթների Մոսկվայում, Կիևում, Բաքվում և Թբիլիսիում։
1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: Այնուհետև տեղափոխվել է Միներալնիե Վոդի, որտեղ շարունակել է դասախոսական գործունեությունը:
1941թ. Սևծովյան նավատորմի 46-րդ գրոհային ավիացիոն ջոկատի կազմում մասնակցել է Օդեսայի պաշտպանությանը։ 1941 թվականի օգոստոսի 24-ին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Բուժումից հետո շարունակել է ծառայել Բալթյան նավատորմի 57-րդ գրոհային ավիացիոն գնդում, որտեղ դարձել է ջոկատի հրամանատար։ Մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը՝ ոչնչացնելով թշնամու տեխնիկան ու կենդանի ուժը։ 1942 թվականի հոկտեմբերի 23-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվել է 47-րդ (հետագայում «Թեոդոսիական») գրոհային ավիագնդի հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի օդային շրջանում։ Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 «Ил-2» ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բեռնանավ։ Մայիսի 22-ին մասնակցում է հակառակորդի շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 հակառակորդի զինվոր և սպա։
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։
Պատերազմի ընթացքում Նելսոն Ստեփանյանը իրականացրել է 259 մարտական թռիչք՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ մեքենաներ և անձնակազմ։ 1945 թվականի մարտի 6-ի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կրկնակի կոչում։
Բանակում Նելսոն Ստեփանյանն իր ամբողջ ներուժն ու գիտելիքները, կամքն ու էներգիան է գործի դրել: Նա նույնիսկ մահվան ճիրաններում, չի մոռացել իր ընտանիքին ու հարազատ քաղաք Երևանը:
«Ես կատարում եմ իմ պարտքը Հայրենիքի առաջ և համոզված եմ, որ մեր ամբողջ ընտանիքը նույնպես կկատարի իր պարտքը»,- հորն ուղղված նամակներից մեկում գրել է Նելսոն Ստեփանյանը:
Իր բոլոր նամակներում նա խորհուրդ է տալիս հարազատներին չհուսահատվել, վստահ լինել, որ հաղթելու են։
Նելսոն Ստեփանյանը զոհվել է 1944 թ. դեկտեմբերի 14-ին մարտի ժամանակ: Նրա ինքնաթիռը խոցվել է գերմանական կործանիչների կողմից, իսկ անձնակազմը զոհվել է։ Խորհրդային Միության կրկնակի հերոսն ապրեց ընդամենը 31 տարի։
Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Երևանում, Ստեփանակերտում, Ուլյանովսկում և Կալինինգրադում, իսկ Երևանի թիվ 71 դպրոցը կրում է հերոսի անունը։ Նրա անունով կոչվել են նաև փողոցներ Երևանում, Վանաձորում, Սևաստոպոլում և Թեոդոսիայում: