«Նեմրութ» պարի և երգի խմբի առաջին մենահամերգ-ներկայացումը՝ Բելգիայում

22 Մարտի 2025, 15:26

Մշակույթ

Մարտի 16-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում «Նեմրութ» ավանդական պարի և երգի խումբը հանդես է եկել իր առաջին մենահամերգ-ներկայացմամբ։ Այս ուշագրավ միջոցառումը ոչ միայն բարձրացրել է հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը, այլև հուզել է հանդիսատեսի սրտերը՝ ազգային երգերի ու պարերի կատարումներով։ Այս մասին հայտնում է ՕՐԵՐ-ը։

Պարային համարները ներկայացվել են տարբեր շրջանների ավանդական տարազներով։ Միջոցառումն ուղեկցվում էր կենդանի նվագակցությամբ, որն ապահովել էր Հայաստանից ժամանած «Կարին» բենդը։

Համերգ-ներկայացումը կրում էր «Հոգևոր Հայաստան» խորագիրը և, ինչպես նշել է խմբի գեղարվեստական ղեկավար Լիանա Եղունյանը, ոգեշնչվել են Վահան Տերյանի համանուն ստեղծագործությունից։

«Նեմրութ» խումբը հիմնադրվել է 2019 թվականին Մեխելենում՝ Գագիկ Գինոսյանի աշակերտ, պարուսույց Լիանա Եղունյանի կողմից։ Խմբի հիմնական առաքելությունն է պահպանել և տարածել հայկական ավանդական պարերն ու երգերը՝ նոր սերունդներին փոխանցելով հին ու հարուստ մշակույթը։