Նենսի Կրիկորյան. հայկական հիշողության և ինքնության ձայնը

19 Սեպտեմբերի 2025, 22:00

Հայեր

Գրող, բանաստեղծուհի և ակտիվիստ Նենսի Ջին Կրիկորյանը ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 19-ին Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։ Նա հորական կողմից ունի հայկական արմատներ, մորական կողմից՝ ֆրանս-կանադական։ Նրա տատիկի ընտանիքի գրեթե բոլոր անդամները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են միայն տատիկն ու նրա կրտսեր եղբայրը։ Այս ողբերգական պատմությունը դարձել է նրա անձնական և ստեղծագործական ինքնության մի մասը։

2013 թ. հարցազրույցներից մեկում Կրիկորյանն ասել է․ «Ես մեծացել եմ հայ համայնքում։ Մենք ապրում էինք Ուոթերթաունի երկսենյականոց տանը, մեր թաղամասի բնակիչների կեսը հայեր էին։ Ես հաճախում էի հայկական եկեղեցի, և իմ դպրոցական դասընկերների մեկ երրորդը հայեր էին»։ Այս միջավայրը ձևավորել է նրա խորը կապը մշակութային ժառանգության և պատմական հիշողության հետ։

Կրիկորյանը 1982 թ. ավարտել է Դարթմուտի քոլեջը, 1987թ. ստացել է կերպարվեստի մագիստրոսի կոչում Կոլումբիական համալսարանում: Դասավանդել է Եյլի, Քուինսի, Ռութգերսի և Կոլումբիայի համալսարաններում։ Նրա էսսեները և պոեզիան հրատարակվել են հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ Guernica-ում և The Los Angeles Review of Books-ում։ Նրա մրցանակների թվում են՝ Anahid մրցանակը, Հայաստանի գրողների միության ոսկե մեդալը և Նյու Յորքի արվեստի հիմնադրամի կրթաթոշակը։

Նա առավել հայտնի է իր «Հայկական սփյուռքի քառյակ» տետրալոգիայով, որտեղ կանանց ճակատագրերի միջոցով բացահայտվում են տրավմայի, ժառանգության և ինքնորոշման թեմաները։ Նրա վեպերը տարածություն են, որտեղ անձնականը դառնում է քաղաքական, իսկ սփյուռքի ձայնը՝ գրական վկայություն։

Հիմա եթերում