Ներկայացվել է Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի պաստառն ու թրեյլերը
24 Դեկտեմբերի 2025, 11:44
Ներկայացվել է խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ, անվանի ֆուտբոլիստ և մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Պողոսի Սիմոնյանի մասին պատմող «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի պաստառն ու թրեյլերը։
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հունվարի 29-ին։ Այն «AP Cinema» կինոընկերության և «START» առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմի դիստրիբյուտորն է «Атмосфера кино» ընկերությունը։
Ֆիլմը պատմում է Նիկիտա Սիմոնյանի փայլուն մարզչական կարիերայի փուլերից մեկի մասին։ Հենց լեգենդար մարզչի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության բարձրագույն արդյունքին՝ իրագործելով «ոսկե դուբլը»՝ նույն տարում դառնալով թե՛ ԽՍՀՄ չեմպիոն, թե՛ ԽՍՀՄ գավաթակիր։
Ֆիլմում գլխավոր դերը ստանձնել է Եգոր Բերոևը, իսկ նրա խաղընկերներն են Սոֆյա Դոնիանցը, Սերգեյ Գազարովը, Քսենյա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Անատոլի Կոտենյովը։ Ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: