Ներկայիս իշխանության դեսանտը տարիներով Արցախում ժողովրդի մեջ թավշյա թույն էր ներարկում․ Արմեն Պետրոսյան

17 Նոյեմբերի 2023, 21:57

Կարծիք | Քաղաքականություն

Արցախում կար ներկայիս իշխանության դեսանտը, և նա ժողովրդի մեջ ներարկում էր թավշյա թույնը՝ փորձելով փոխել մարդկանց մտածելակերպը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը։

«Եթե հիշում եք Վազգեն Սարգսյանը ժամանակին ասում էր, որ արցախցիներից պետք է վախենալ այն ժամանակ, երբ 200․000 անտուն արցախցիներ զենքով կհայտնվեն Երևանի փողոցներում։ Բայց ժամանակի գործոնը այստեղ մեծ նշանակություն ունի։ Այս իրավիճակի համար տարվել է նախապատրաստական աշխատանք, և այդ աշխատանքը տարվել է ոչ միայն ՀՀ իշխանության կողմից։ Բլոկադան և սոցիալական խնդիրները հյուծել են ժողովրդին։ Բացի այդ Արցախում կար նաև ներկայիս իշխանությունների դեսանտը և ժողովրդի մեջ ներարկում էր այս թավշյա թույնը՝ փորձելով փոխել մարդկանց մտածելակերպը, ինչը, ցավոք, իրենց մոտ ստացվեց։

Այսօր Երևանի փողոցներում կան արցախցիներ, որոնք այնպես են ժպտում, կարծես հայրենիք չեն կորցրել։ Բայց դրանք այն մարդիկ են, որոնք ողջունել են հեղափոխությունը և փորձել են դա բերել Արցախ։ Այդ մարդիկ չունեն աշխատանքի կամ բնակարանի խնդիր, չունեն ֆինանսական խնդիր և առաջինն են դուրս եկել Արցախից։ Ես ասում էի, որ պետք չէ սպասել 2025 թվականին, քանի որ արցախցիների գաղթը ավելի շուտ է լինելու, ու դրա համար պետք չէ մեղադրել դրսի ուժերին։ Օտարը երբեք չի դավաճանում, դավաճանում են յուրայինները»,- ասաց Պետրոսյանը։

Նա ցավով ընդգծում է, որ գալու է մի շրջան, երբ չի մնալու ո՛չ Արցախի մարբառը, ո՛չ առանձնահատկությունը։

«Երբ Արցախում հանդիպեցի Ժաննա Անդրեասյանին, հարց բարձրացրեցի՝ ասելով, որ տղայիս անունը Նժդեհ է, հնարավո՞ր է՝ որոշ ժամանակ հետո ձեր իշխանությունը իմ տղային իր անվան պատճառով խնդիրների առաջ կանգնեցնի։

Ես նկատել եմ՝ դպրոցներում սովորեցնում են, որ պետք չէ տղաների անունները Նժդեհ կամ Մոնթե դնել, քանի որ դրանք ագրեսորների անուններ են։ Ու դա ասում է Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը։ Այս ամենը սպիտակ եղեռն է ու ցավոք, մի քանի սերունդ հետո չի մլնալու ո՛չ մեր մարբառը, ո՛չ առանձնահատկությունը»,- եզրափակեց Պետրոսյանը։