Ներքին Խնձորեսկում հայ հովիվը մոլորվել է, ադրբեջանական զինուժը կրակ է բացել նրա ուղղությամբ․ ՀՀ ԱԱԾ
10 Ապրիլի 2024, 17:59
Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:
«Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: