Ներքին զբոսաշրջության ակտիվացման համար առաջիկայում ծրագիրը կմեկնարկի
Ներքին զբոսաշրջության ակտիվացման համար առաջիկայում ծրագիրը կմեկնարկի:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը։
«Այս պահին Վարչությունն աշխատանքներ է տանում «Տուրիստ բուս» ծրագրի իրականացման համար: Նախատեսվող զբոսաշրջային ուղղություններն են՝ Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն թանգարան-Հակոբավանք-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բովուրխանի վանք-Ամարասի վանք-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Պատարա՝ քայլարշավ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի-Աստղաշեն գյուղ։
Մեկնարկը կտրվի հունիսի 3-ից և կտևի մինչև սեպտեմբերի 2-ը։ Տուրերը կկազմակերպվեն զբոսավարների ուղեկցությամբ»,-ասում է Գ. Առաքելյանը։
Զբոսաշրջության խնդիրներից մեր զրուցակիցն առանջնացրել է ենթակառուցվածքների բացակայությունը, զբոսավայրերի հասանելիության հարցը:
«Արցախում շատ վայրեր կան, որոնք մեծ գրավչություն ունեն, սակայն հասանելի են միայն ամենագնացով, ինչը տրանսպորտային վառելիքի սղության պայմաններում խնդիր է»,-մանրամասնել է Գ. Առաքելյանը՝ հավելելով, որ համապատասխան աշխատանք է տարվում այս տարի ևս դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար։
Գումարը կծառայեցվի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը կամ ստեղծմանը, քայլուղիների բարեկարգմանը»,-նշել է Զբոսաշրջության վարչության պետը: