Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դահլիճում կայացել է «Հովեր»-ի համերգը
03 Հուլիսի 2023, 11:52
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգով, որը տեղի է ունեցել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, եզրափակվել է Սբ. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Հնչել են հայկական և բյուզանդական շարականներ, կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ մշակումներ, ինչպես նաև ժամանակակից հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր (մենակատարներ՝ Արամո Մամիկոնյան, Շահանե Աղաքարյան, Արամ Ավետիսյան)։
Համերգը ղեկավարել են Սոնա Հովհաննիսյանն ու Նարինե Ոսկանյանը։
«Այս անգամ ևս, ի դեմս «Հովեր» պետական կամերային երգչախմբի, հայկական խմբերգային երաժշտությունը արժանավայել ներկայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր հարթակում, իր անցյալով և ներկայով։ Ծրագիրը կազմված էր ժամանակագրական ընթացքով և բացառապես հոգևոր խմբերգային տրամաբանությամբ»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը։
Համերգին ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, մշակութային գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, հրավիրյալ հյուրեր։