Ներսիկ Իսպիրյան․ Հայկական պայքարի և ազատության երգիչ
15 Մայիսի 2025, 22:00
Ներսիկ Աղասիի Իսպիրյանը հայ ականավոր երգիչ, երգահան և ժողովրդական-ազատագրական երգերի կատարող է, ում ստեղծագործությունը խորապես կապված է հայ ժողովրդի ազգային ինքնության և պատմական հիշողության հետ: Նրա երգերը դարձել են հայրենասիրության և արդարության համար պայքարի խորհրդանիշ, իսկ նրա ներդրումը հայ երաժշտական մշակույթում անգնահատելի է:
Ներսիկ Իսպիրյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 15-ի, Երևանում: Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության և ազգային արվեստի նկատմամբ։ Ավարտելով Երևանի թիվ 160 դպրոցը՝ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986-1992թթ․)՝ զուգահեռ ելույթ ունենալով «Ակունք» ազգագրական համույթում:
Իսպիրյանը հայտնի է դարձել Արևմտյան Հայաստանին, ազգային պայքարին և պատմական հիշողությանը նվիրված իր հայրենասիրական երգերով: Նրա ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ «Հայ քաջերը», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Արծիվ սլացիր», խորհրդանշական են դարձել հայկական սփյուռքի և ազգային շարժման համար:
1995 թվականին նա ստիպված է եղել արտագաղթել ԱՄՆ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ապազգային կառավարության ճնշումների պատճառով, որը հետապնդում էր Հայ ազատագրական շարժման հետ կապ ունեցող գործիչներին։ Չնայած արտագաղթին՝ Իսպիրյանը շարունակել է ստեղծագործական գործունեությունը՝ ձայնագրելով բազմաթիվ ալբոմներ, այդ թվում՝ «Արյան կանչը», «Հերոս քաջեր», «Մնա հայ»:
Իր երաժշտական գործունեության համար Ներսիկ Իսպիրյանը 2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: Նրա երգերը շարունակում են ոգեշնչել աշխարհասփյուռ հայերին՝ ծառայելով որպես ազգային պայքարի և մշակութային ժառանգության հիշեցում:
Նրա որդին՝ Արաբո Իսպիրյանը, նույնպես երգիչ է: Նա շարունակում է ընտանեկան ավանդույթը՝ կատարելով հայրենասիրական ստեղծագործություններ: