Նեթանյահուն հանցանք է գործել՝ հարվածելով Կատարին․ Յակով Կեդմի
15 Սեպտեմբերի 2025, 21:58
Իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իսրայելի կողմից Կատարին հասցված հարվածները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստեղծված ճգնաժամը։
«Նման գործողությունն ինքնին մեր ավանդական մոտեցումն է։ Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչներին ամենուր։ Այնպես որ, Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ մեր հարձակումը մեզ համար նորություն չէ։ Եվ ով մեր պատմությունը գիտի, գիտի նաև, որ մենք միշտ այդպես ենք վարվել։ Մյուս կողմից, ցանկացած գործողություն՝ ռազմական կամ հակաահաբեկչական, պետության մեջ պետք է ինչ-որ նպատակ ունենա։ Այսինքն՝ ոչ միայն վերացնել կամ սպանել այս կամ այն մարդկանց։
Քաղաքականության, բանակի և ռազմական գործողություններում բավարար չէ ուժեղ լինել, բավարար չէ զգալ քո արդարացիությունը, պետք է խելացի լինել։ Նեթանյահուն այս քայլին դիմել է՝ հակառակ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի և գլխավոր շտաբի պետի առաջարկության։ Բոլորն ասել են, որ չի կարելի դա անել։ Ոչ թե մարդասիրության կամ Կատարի ինքնիշխանության խախտման նկատառումներից ելնելով, դա մեզ համար դեր չի խաղում, այլ որովհետև դա կվնասի Իսրայելին և նպատակին չի ծառայի։ Եվ միակը, որ կարող է նման գործողություններ անցկացնել, «Մոսադ»-ն է։
«Մոսադ»-ը չի մասնակցել այս գործողությանը։ «Մոսադ»-ի տնօրենն ասել է՝ «Մենք չենք կարող անցկացնել այդ գործողությունը», բայց ոչ թե այն պատճառով, որ չէին կարող, այլ նրանք դա անհրաժեշտ չէին համարում։ Եվ այդ պատճառով այն անհաջողությամբ է ավարտվել։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունից գրեթե ոչ ոք չի տուժել, բայց եթե անգամ մենք նրանց վերացնեինք, դա ինչի՞ կհանգեցներ։ Ոչ մի բանի։ Դա վտանգի տակ կդներ պատանդների կյանքը, Գազայում կոնֆլիկտի դադարեցման չէր հանգեցնի, Իսրայելը՝ որպես պետություն, որպես բանակ, դրանից ոչ մի օգուտ չէր ստանա։ Դա կտրուկ սրեց մեր հարաբերությունները արաբական երկրների հետ, որոնք մինչ այդ պատրաստ էին Իսրայելի հետ համաձայնագրեր կնքել։ Այսօր նրանք միավորվում են Իսրայելի դեմ, որովհետև վտանգ են զգում։ Մենք վատացրել ենք հարաբերությունները ԱՄՆ-ի և արաբական երկրների հետ։ Բացի այդ, դա հարվածեց ԱՄՆ-ի հեղինակությանը»,- ասել է Կեդմին։
Փորձագետի խոսքով՝ Բենիամին Նեթանյահուն դրան գնացել է՝ ելնելով իր ներքաղաքական նկատառումներից և հակառակ ողջամտությանը։
«Ամբողջ աշխարհը բոլորովին արդարացիորեն վրդովվեց։ Յուրաքանչյուր երկիր համարում է, որ դա ինքնիշխանության խախտում էր։ Մենք դրա հետ հաշվի չենք նստում, բայց պետք է հասկանանք, որ աշխարհն ապրում է իր օրենքներով, այլ ոչ թե մեր։ Նեթանյահուն դրան գնացել է՝ ելնելով իր ներքաղաքական նկատառումներից՝ հակառակ ողջամտությանը, կրկնակի հսկայական վնաս հասցնելով մեր հարևանների հետ հարաբերություններին, և ես չեմ կարծում, որ դա շտկելի է։ Աշխարհում չկա մի երկիր, որ համաձայնի նրա հետ, ինչ մենք արել ենք։ Ոչ մի երկիր, անգամ ԱՄՆ-ը, չի կարող գոյատևել այս աշխարհում առանց այլ երկրների հետ նորմալ հարաբերությունների։ Նեթանյահուն ոչ միայն սխալ է թույլ տվել, այլև հանցագործություն է կատարել։ Դա հանցագործություն է իսրայելական ժողովրդի նկատմամբ, դա հանցագործություն է Իսրայել պետության նկատմամբ, դա հանցագործություն է պատանդների նկատմամբ։ Որովհետև այսօր բանակցությունների շարունակման և պատանդներին ազատելու փորձի հարցը շատ խնդրահարույց է։
Այդ գործողությունը ձախողվել է, թեև ռազմաօդային ուժերին ոչ մի պահանջ չկա։ Բանակի օդաչուները դա կատարել են հիանալի։ Նրանց մեղքը չէ, որ թիրախը չի հայտնվել այն տեղում, որը պետք է ոչնչացվեր։ Նրանք դա լավ են արել՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, բայց արդյունքը բացասական կլինի, և մենք դրա համար շատ թանկ կվճարենք։ Ես կարող եմ միայն ափսոսալ, որ այդքան ստոր մարդը, որը չի արժևորում իր ժողովրդի և իր երկրի շահերը, այսօր կառավարում է իմ երկիրը։ Հույս ունեմ՝ ոչ երկար»,- ընդգծել է Կեդմին։
Անդրադառնալով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստեղծվախ ճգնաժամին՝ փորձագետը նշել է, որ Ալիևն օգտագործում է հակառուսական հռետորաբանությունը՝ Արևմտյան Եվրոպայից աջակցություն ստանալու համար։ Ալիևի և նրան մերձավորների հռետորաբանությունը գրեթե չի տարբերվում Ուկրաինայի կամ մերձբալթյան երկրների հռետորաբանությունից, որոնք այսօր աշխարհում ռուսատյացության առումով առաջին տեղում են։ Նա դա անում է՝ ելնելով իր քաղաքական շահերից, կարծելով, որ այսօր նա կարող է իրեն թույլ տալ դա, և դրա դիմաց մեծ շահաբաժիններ ու աջակցություն կստանա Արևմտյան Եվրոպայից։ Ե՛վ Իրանի, և՛, ինչպես նրան թվում է, Ռուսաստանի թուլացման ֆոնին նա կարող է իրեն դա թույլ տալ։ Բայց ես ուզում եմ շեշտել՝ նա, ով հույսը դնում է ԱՄՆ-ի պաշտպանության և օգնության վրա, կարող է շատ դաժանորեն սխալվել։ Դա կարող է լինել Եվրոպան, դա կարող է լինել նաև Ադրբեջանը»,- ասել է Կեդմին։
Քաղաքագետի խոսքով՝ Կովկասում անկայունությունը տեղի է ունենում նպատակաուղղված՝ Ադրբեջանի մեղքով և օգնությամբ։
«Եթե Ադրբեջանը համարի, որ իրեն պետք է լրացուցիչ հավասարակշռությունից դուրս բերել Կովկասի իրավիճակը, նա կարող է փորձել դա անել։ Հարց՝ ինչպե՞ս դրան կարձագանքեն մյուս երկրները։ Դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Այնպես որ, չեմ կարծում, որ Ադրբեջանին՝ նույնիսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, կհաջողվի ապակայունացնել իրավիճակը։ Այդ տարածաշրջանում ներկա մյուս բոլոր մասնակիցները և՛ քաղաքականապես, և՛ ֆիզիկապես դեմ են դրան»,- ասել է Կեդմին։