Նեթանյահուն ուզում է պատերազմել․ Անդրեյ Զելտին

19 Փետրվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտության դպրոց»-ի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արևելագիտության ֆակուլտետի ավագ դասախոս Անդրեյ Զելտինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-Իրան բանակցությունները և տարածաշրջանում հնարավոր էսկալացիան։

«Եթե շատ կարճ ասեմ, ապա ես շատ ուրախ կլինեմ, որ այդ բանակցությունները շարունակվեն։ Բայց ես հոռետես եմ։ Կարծում եմ՝ բանակցային հնարավորությունների այդ պատուհանը նեղանում է, և, ընդհանուր առմամբ, մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ կարող են սկսվել ցանկացած պահի»,- ասել է Զելտինը։

Խոսելով Իսրայելի մասին՝ փորձագետը նշել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է պատերազմել և հանդես է գալիս Իրանի նկատմամբ կոշտ ռազմական միջոցների օգտին, սակայն առանց ԱՄՆ-ի աջակցության Իսրայելին շատ դժվար կլինի։

«Ինչ վերաբերում է Իսրայելին, պետք չէ ասել՝ «Իսրայելի դիրքորոշումը»։ Պետք է խոսել այն մասին, թե որն է Նեթանյահուի և նրա թիմակիցների դիրքորոշումը, որոնք գտնվում են կառավարությունում։ Նեթանյահուի դիրքորոշումը հայտնի է, Իսրայելի կառավարությունը դա չի թաքցնում։ Նա ուզում է պատերազմել։ Կարծում եմ՝ երբ նա վերջին անգամ ԱՄՆ-ում էր, փորձում էր համոզել Դոնալդ Թրամփին։ Կան խոսակցություններ, թե նա այնտեղ «քարտ բլանշ» էր խնդրում։ Թեև, ըստ էության, որևէ «քարտ բլանշ» խնդրելու կարիք չկա․ ԱՄՆ-ից ոչինչ պետք չէ խնդրել։ Եթե նա ցանկանա և որոշի, որ իր ուժերը բավարար են, կարող է ինքնուրույն սկսել և հարված հասցնել։ Բայց, իհարկե, առանց ԱՄՆ-ի աջակցության Իսրայելին շատ դժվար կլինի։

Նեթանյահուն, ընդհանուր առմամբ, Իրանի նկատմամբ կոշտ ռազմական միջոցների կողմնակից է, և նրա դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում, այսինքն՝ Թրամփի շրջապատում: Ինչո՞ւ։ Որովհետև Ժնևում բանակցությունների հերթական փուլը կրկին ավարտվեց առանց արդյունքի։ Դա կարելի էր կանխատեսել, քանի որ կողմերի դիրքորոշումները փոխզիջումային չեն։ Թրամփը ցանկանում է, որ Թեհրանը ոչ միայն դադարեցնի ուրանի հարստացումը, այլև հրաժարվի իր հրթիռային ծրագրից։ Սակայն Թեհրանը կտրականապես հրաժարվում է խոսել իր հրթիռային ծրագրի մասին»,- եզրափակել է Զելտինը։