Նիկիտա Սիմոնյան․ «Սպարտակ»-ի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդը

12 Հոկտեմբերի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 12-ը հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն է:

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ Պողոս և Վարսենիկ Սիմոնյանների ընտանիքում։ 1930 թվականից ծնողների հետ ապրել է աբխազական Սուխում քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 1940 թվականին, սկզբում հանդես է եկել Սուխումի «Դինամո»-ում, ավելի ուշ՝ Մոսկվայի «Կռիլյա Սովետով» ակումբում, իսկ 1949-1959 թվականներին՝ Մոսկվայի «Սպարտակ»-ում։
Լինելով «Սպարտակ»-ի խաղացող՝ նա մի քանի անգամ նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը և երկու անգամ՝ երկրի գավաթը։ Ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 285 խաղ, խփել 173 գնդակ: Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկու:

Ֆուտբոլիստը խաղացել է Եվրոպայի ուժեղ ֆուտբոլային ակումբների հետ, տարել փայլուն հաղթանակներ և արժանապատվորեն ներկայացրել ԽՍՀՄ հավաքականը:

1959 թվականին Սիմոնյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ՝ դառնալով Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարությամբ ակումբը հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, ինչպես նաև երեք անգամ նվաճել է երկրի գավաթը։ Սիմոնյանը մի քանի տարի գլխավորել է Երևանի «Արարատը»-ը, և 1973 թվականին թիմը հաղթանակ է տարել Խորհրդային Միության առաջնությունում և երկրի գավաթում:

Նա նաև ԽՍՀՄ հավաքականի, իսկ 1980-1981 թվականներին՝ Օդեսայի «Չեռնոմորեցի» գլխավոր մարզիչն էր։ 90-ականներին Նիկիտա Սիմոնյանը դարձել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը, այնուհետև զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Նիկիտա Սիմոնյանը նաև 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանն էր, 2022 թվականից «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վետերանների կոմիտեի պատվավոր նախագահն է։ Նրա պատվին անվանակոչվել է Արմավիր քաղաքի մարզադաշտերից մեկը։